Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վ. Հովհաննիսյան. «Մենք կկտրենք նրանց... ականջները» (видео)

Ազատության հրապարակում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նախընտրական եզրափակիչ համերգ-հանրահավաք էր հրավիրել։ Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը դիմեց երեւանցիներին, թեեւ հավաքվածների մեջ քիչ չէին նաեւ մարզերի ներկայացուցիչները. «Երեւանցինե՛ր, օգնեք մարզերում ապրող մարդկանց։ Մարզերում սոցիալական վիճակն անհամեմատ ավելի ծանր է քան մայրաքաղաքում, եւ նրանք կարող է չդիմանան ընտրակաշառքի խեղդող ազդեցությանը»։ Ըստ Վահան Հովհաննիսյանի, երեւանցու օգնությունը պետք է կայանա նրանում, որ ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Դաշնակցությանը, որեսզի ապահովվի ՀՅԴ հաղթանակն ընտրություններում։ «Տեղեկություն ունենք, որ մարզերում որոշ հայտնի կուսակցությունների մեծամասնական թեկնածուները փող են բաժանել, բայց քանի որ չեն վստահում մարդկանց, դրա համար էլ հայտարարում են, թե իբր քվեարկությունը բաց է լինելու։ Սու՛տ է», - ասաց Վահան Հովհաննիսյանը։ Նա հիշեցրեց, որ ինչպես բաց քվեարկությունը, այնպես էլ բաց քվեարկություն պահանջելն պատժվում է օրենքով։ «Տեղեկություն ունենք, որ մարզերում սոցիալապես ամենախոցելի խմբին՝ նպաստառուներին իշխանության թեկնածուներն ահաբեկում են՝ եթե մեզ չընտրեք, ձեր «Փարոսը» կկտրենք։ Սու՛տ է, նրանք նպաստ կտրելու հնարավորություն չունեն,. Իսկ եթե փորձեն էլ նման բան անել, մե՛նք կկտրենք... նրանց ակաջները», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։ Ըստ նրա, հնարավորինս իշխանական կուսակցությունների գործողությունները վկայում են այն մասին, որ իշխանությունը վախենում է քաղաքացուց։ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ՀՅԴ տնտեսական ծրագրից որոշ դրույթներ։ Ըստ նրա, խորհրդարանում մեծամասնություն կազմելու, հետեւաբար՝ կառավարություն ձեւավորելու դեպքում Դաշնակցությունը կարճ ժամանակահատվածում կկրկնապատկի երկրի ՀՆԱ-ն, կեռապատկի պետական բյուջեն,արդեն մինչեւ այս տարվա վերջը կկրկնապատկի նվազագույն աշխատավարձի դրույքաչափը։ Բացի դրանից, ըստ պարոն Մինասյանի, կստեղծվի ավելի ան 200 հազար աշխատատեղ, որից 10 հազարը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար։ «Այս բարեփոխումների շնորհիվ, Հայաստանի բնակչությունը կավելանա տարեկան 50 հազար մարդով», - ասաց Արծվիկ Մինասյանը։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն էլ ներկայացրեց ազգային հարցերում ՀՅԴ դիրքորոշումները։ «Արցախի հայությունն արդեն ինքնորոշվել է 1991 եւ 2005 թվականների հանրաքվեների միջոցով, դրանց վրա էլ հիմնվելու ենք հետագա բանակցությունների ընթացքում՝ Արցախը՝ ներկա սահմաններով անկախ պետություն է», - ասաց պարոն Ռուստամյանը։ Նա նշեց նաեւ, որ Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն է, որ բարձրացնում է Նախիջեւանի վերադարձի եւ Ջավախքի հայության օրինական պահանջների իրագործման օգտին։