Խախտումներ Մալաթիայի ընտրատեղամասում (видео)
Поддержи А1+!Մալաթիայի 8-րդ ընտրատարածքում զանգվածային ձեւով ընտրողներին բերում են քվեարկության։ « Հատկապես ծերեր ու հաշմանդամներ, էն աստիճանի, որ չի հասկանում՝ ինչի համար են իրան բերել»,- ասաց 8/03 ընտրատեղամասում ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանի վստահված անձ Խաչատուր Բասմաջյանը։ 8/03 ընտրատեղամասում, ըստ վստահված անձանց, խցանում են առաջացնում մի խումբ երիտասարդներ, որոնք մարդկանց են բերում ու տեղամասի տարածքից հետեւում են նրանց քվեարկությանը։ ԲՀԿ-ի վստահված անձը դժգոհում է՝ իրենք ոչ մի կերպ չեն կարողանում վերահսկել իրավիճակը։ «Այսինքն, մենք երկրորդական-երրորդական անձնավորություն ենք, ձեւական նստած, մենք ձեւական մարդիկ ենք, կարեւորը նախագահն ա»,-ասաց ԲՀԿ վստահված անձ Թամարա Վարդանյանը։ Տիկին Վարդանյանը ասում է՝ այս ընտրությունները ապականում են հանրապետականները, թաղամասն իրենցն է, հանձնաժողովում մեծ մասն իրենք են, հանձնաժողովի նախագահն իրենցից է։ «Ինքը շատ բացահայտ ասում ա, որ մերոնք են, մենք ենք հաղթելու 99 տոկոսով»,-ասաց ԲՀԿ վստահված անձ Թամարա Վարդանյանը։ Նրա աչքերի մեջ նայելով հանձնաժողովի նախագահն ասել է, որ եթե ԲՀԿ-ականը շարունակի հակադրվել, նրան դուրս կշպրտի տեղամասից. «Ես չեմ վախենում, շատ-շատ աշխատանքից պտի հանեն»։ Հանձնաժողովի նախագահ Մարատ Ափյանը վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկելի է, մարդիկ չափազանց շատ են ուզում մասնակցել ընտրությանը, դրա համար էլ առաջանում են խցանումներ. «Վստահված անձինք բողոք հայտնեցին՝ խի ա էսքամ մեծ հոսք, ասեցի՝ դա մեր մեղքը չի, ժողովուրդը գալիս ա ընտրության»։ Թիվ 8-ում թեկնածուններն են ՀԱԿ-ից Վահագն Խաչատրյանը, ՀՅԴ-ից՝ Արթուր Եղիազարյանը եւ ՀՀԿ-ից՝ Կորյուն Նահապետյանը։