Արամ Կարապետյանի ասուլիսը (видео)
Поддержи А1+!«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում նկարվել են թվեր, որոնք իրականության հետ որեւէ եզր չունեն: Ըստ նրա, նույնիսկ ընտրություններոււմ հաղթած ՀՀԿ-ը հակափաստարկները չեն համոզում, որ ընտրակեղծիքներ չեն եղել։ Արամ Կարապետյանի մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ դեռեւս գործող կոալիցիոն կուսակցությունները հանրագումարում հավաքել են ձայների 80 տոկոսը: «Այսինքն, ինչքան ճնշում են ժողովրդին, ինչքան մեծանում է աղքատության մակարդակը, արտագաղթը, այնքան այնքան ավելի շատ են ձայն հավաքում»: Այնուամենայնիվ, Արամ Կարապետյանի համար ընտրությունների արդյունքները առավել քան կանխատեսելի էին՝ դրանք եղել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ «Գուցե որոշ չափով այդ պայմանավորվածությունները խախտվեցին, բայց, ինչպես սովորաբար ասում են միջազգային դիտորդները, այդ խախտումներն ընդհանուր պատկերի վրա չազդեցին», - ննկատեց պարոն Կարապետյանը: Ըստ նրա, ստեղծված պատկերը, սակայն, պիտի արտաքին դաշտում գին ունենա: Արամ Կարապետյանի դիտարկմամբ, ընտրությունների արդյունքում ձեւավորված կոնֆիգուրացիան հետաքրքիր է այնքանով, որ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ էին հայ-թուրքական արձանագրություններին, նահանջ ապրեցին: «ՀՅԴ-ը նախորդ ընտրությունների համեմատ 100 հազարով պակաս ձայն հավաքեց, «Ժառանգությունը» միավորվեց Ազատ դեմոկրատների հետ, եւ փաստացի, «Ժառանգության» ցուցակով ԱԺ անցած գործիչների մեջ գերակշռում են այնպիսիները, որոնք նախկինում արդեն հայտնել են իրենց համաձայնությունը Ցյուրիխյան արձանագրություններին: Իսկ «Բարգավաճ Հայաստանում», ի դեմս Վարդան Օսկանյանի, դժվար թե պրոռուսական տրամադրությունները շատ ուժեղ են: Մյուս ուժերը, ինչպես օրինակ «Նոր Ժամանակները», խորհրդարանում ընդհանրապես ներկայացված չեն», - նշեց Արամ Կարապետյանը: Ըստ նրա, արեւմտյան աշխարհը նախագծել է գեոքաղաքական ծրագիր տարածաշրջանի համար, ինչը ենթադրում է հայ-թուրքական սահմանի անվերապահ բացում, ԼՂ հարցի լուծում: «Հասկանալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական դասավորվածությունն այնպիսին պետք է լինի, որ այդ ծրագիրը իրականանալի լինի: Իսկ Հայաստանի գործող իշխանությունները շատ հարմար են այդ ծրագրի իրականացման համար: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքները փողոցային պայքարի միջոցով բողոքարկելու հավանականությանը, ապա, ըստ Արամ Կարապետյանի, դա արդյունքն կտա այն դեպքում, եթե ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նույնպես փողոց դուրս գան: Այլապես ըստ նրա, միայն ՀԱԿ-ի ռեսուրսներն արագ կմարի : «Ժողովուրդը չի տեսնում սեւ ու սպիտակը, փոխարենը՝ տեսնում է տարբեր ընդդիմադիր կուսակցությունների խաղերը տարբերիշխանական ուժերի հետ, դրա համար էլ ապատիայի մեջ է ընկնում», -ամփոփեց Արամ Կարապետյանը: