Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վիգեն Խաչատրյան. «Բովանդակային այլասերում» (видео)

Հանրապետական Ռազմիկ Մարտիրոսյանը համոզված է՝ Ազգային Ժողովի ընտրություններում մրցակցային ոգին ապահովված էր. « Բոլոր քաղաքական ուժերը ունեին համաչափ հավասարաչափ հնարավորություններ հասարակության հետ աշխատելու իրենց տեսակետներով, իրենց ծրագրերով» Նա առաջարկում է, որ բոլորը մտածեն, թե ինչու հավասար մրցակցությամբ 4 կուսակցություն հազիվ հավաքեց 5 տոկոս։ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի համար պարզից էլ պարզ է, թե ինչու՝ մրցակցային ոչինչ չի եղել.«Ես 50 համայնք եմ մտել, ապշել եմ էդ բանից, երբ որ հետապնդում են մարդկանց այս կամ այն կարծիքն ունենալու համար, ի՜նչ մրցակցային»։ Վիգեն Խաչատրյանն առաջարկում է մրցակցությունը նայել ոչ թե քարոզարշավի ընթացքում կարծիքների բազմազանությամբ, այլ ընտրությունից ընտրություն եթերում կարծիքների առկայությամբ «Մեր մոտ մրցակցային ա ընտրության մասնակցությունը, ընտրության պրոցեսը 4 տարի լինելու ա ոչ մրցակցային, այսինքն, էս ամեն ինչը փակվելու է 4 տարով»,- բացատրեց նա։ Պարոն Խաչատրյանը կոնկրետացնում է՝ իշխանությունները 4 տարի արգելում են կարծիքների ազատություն, իսկ 4 տարի հետո մարդկանց թույլատրում են մասնակցել քվեարկությանը. «Բովանդակության առումով այլասերված ա ամեն ինչ»։ Վիգեն Խաչատրյանը հատուկ հանրապետական ընդդիմախոսի համար մասնավորեցնում է՝ ձեւի համար կա հակամենաշնորհային հանձնաժողով, կա գների կարգավորման հանձնաժողով, բայց բովանդակային տեսանկյունից տնտեսական մրցակցություն չկա։ Նույն բանն, ըստ նրա, տեղի է ունենում ընտրությունների հետ։ Դիտորդները նախօրոք են գրել Միջազգային դիտորդները մեր ընտրություններին մասնակցում են նախօրոք գրված զեկույցներով,-համոզված է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահը Նա կասկած չունի՝ Եվրոպան Հայաստանի ընտրությունների գնահատման համար կիրառում է ոչ եվրոպական չափանիշներ։ Հայաստանում, ըստ նրա, եվրոպացիներն ընտրությունների ժամանակ կարեւորում են իշխանությունների հետ իրենց հարաբերությունները «Իշխանությունը մեր հետ լավ է՝ կասենք իշխանությունը համեմատաբար լավ արեց»,-ասում է նա։։ Հայաստանում Ամերիկայի դեսպանը, քաղաքական գործչի կարծիքով, մի քիչ այլ կերպ է նայում խնդրին։ Դեսպանն, ըստ նրա, մեր իշխանություններին ասում է՝ եթե ուզում եք ընտրությունները նորմալ ճանաչենք, քվեատուփ մի գողացեք. «Այսինքն, ամեն ինչ եթե անելու եք ընտրատեղամասերից դուրս, ոնց որ Հրազդանում, նորմալ է, մենք կասենք, որ նորմալ է»։ Ամերիկացիները, պարոն Կարապետյանի տպավորությամբ, կգոհանան նաեւ, եթե ընտրությունների ժամանակ իշխանությունները մարդ չծեծեն՝ այդ դեպքում Հայաստանը «խաղաղ ընտրություններ» ձեւակերպումն ստանալու համար խնդիրներ չի ունենա։