ՀՀ-ում զավթում են օձերի տարածքը (видео)
Поддержи А1+!Ինչո՞ւ օձերն այլևս չեն խուսափում մարդկանցից: Միայն երեկ Վայոց ձորում օձի կծելու երկու դեպք է արձանագրվել, բարեբախտաբար ոչ մահվան ելքով: «Ներկայումս այն բնական բիոտոպները, որտեղ ապրում են սողունները, մարդիկ սկսել են տնտեսական գործունեություն ծավալել, այսինքն՝ քաղաքաշինական, գյուղատնտեսակն գործունեություն»,-ասում է Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը: Նա չի կիսում տեսակետը, թե օձերն տարվա այս շրջանում սկսում են ակտիվանալ. «Գարնան գալով՝ օձերը ոչ թե ակտիվանում են, այլ ձմեռանոցներից դուրս են գալիս, այդ իրենց բնականոն ապրելակերպն է»: Արամ Աղասյանը նաեւ հիշեցնում է. «Օձերը երբեք մարդկանց վրա չեն հարձակվում, կծում են միայն այն ժամանակ, երբ մարդիկ անզգուշաբար մոտեցել կամ կանգնել են օձերի վրա»: Հայաստանում 23 տեսակի օձ կա, որոնցից 4-ն են միայն թունավոր: Թունավորներից 3-ն էլ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Արամ Աղասյանի խոսքերով՝ ամենահաճախը մարդկանց հանդիպում է գյուրզան, որը թունավոր է և շատ վտանգավոր: Իսկ ինչպե՞ս պետք է տարբերակել թունավոր օձի կծածը, ոչ թունավորից. «Թունավոր օձերի կծելուց առաջանում է շատ ուժեղ ցավ»: «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբան Միքայել Գաբրիելյանն ասում է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ օձերի կծելու դեպքերը պակասել են: Նա զգուշացնում է՝ օձի կծելու դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի, իսկ մինչ այդ. «Պարտադիր բերանով պետք է արտածծել վերքից, կծած տեղից և թքել»: Բժիշկ Գաբրիելյանը հորդորում է խուսափել ինքնագործունեությունից. «Կտրվածք անել, այրել կամ էլ օղի խմել՝ դա սխալ է, ավելի վատ հետևանքներ, ավելի ծանր կլինիկա է լինում , ավելի շատ բարդություների առաջ ենք կանգնում մենք» Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ հանրապետության բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաթույնով: