Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Անհնար է վերականգնել եկեղեցու փլվածքը (видео)

«Եկեղեցին ամբողջությամբ փլուզման վտանգի տակ է։ Ամեն օր կարող ենք այդ լուրը ստանալ»,- 18-րդ դարում Թբիլիսում կառուցված, 2002-ին և ապա 2012 թվականի հունվարին հրդեհի ճարակ դարձած Սուրբ Նշան եկեղեցու ներկայիս վիճակի մասին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Արմատ» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ։ Հորդառատ անձրևից մայիսի 14-ին փլվել է եկեղեցու նախասրահը, որ երեք գործառույթ է իրականացնել միաժամանակ՝ զանգակատուն, տապանատուն, նախասրահ։ Եկեղեցին աղյուսաշեն է և անհնար է վերականգնել փլվածքը։ Սամվել Կարապետյանի համոզմամբ՝ նոր աղյուսով նոր զանգակատուն պետք է կառուցվի, եկեղեցին վերականգնելուց հետո իհարկե, քանի դեռ շատ ուշ չէ։ Ըստ հուշարձանագետի՝ Վրաստանում, մասնավորապես՝ Թբիլիսում, հայկական հուշարձանների օրհասական վիճակը վրաց իշխանությունների անհետևողական վերաբերմունքով է պայմանավորված։ Միայն հայկական եկեղեցիներն են, որ. «3-4-բալանոց երկրաշարժերից փլվում են, թեթևակի անձրևներից մեծ վնասներ կրում»։ Սուրբ Նշան եկեղեցին չորս կողմից բնակելի տներով է շրջապատված։ Բանը հասել է նրան, որ հարավային պատի կողմից եկեղեցուն մոտենալ հնարավոր չէ։ Սամվել Կարապետյանի կարծիքով. «Սա եկեղեցին իբրև պատմական հուշարձան չդիտարկելու արդյունք է։ Որևէ պատմական հուշարձան անօրինական կառույցներով չի խեղդվում»։ Ըստ հուշարձանագետի՝ եթե պատմական հուշարձանի հետ տարվող աշխատանքները շարունակեն լոկ ցուցադրական բնույթ կրել, ոչինչ հնարավոր չի լինի փրկել։