Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Տիգրան Խզմալյանը՝ մեղադրյալի աթոռին (видео)

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հնարավոր է վարչական տուգանքի ենթարկվի։ Այսօր վարչական դատարանում տեղի ունեցավ նրա գործով դատավարությունը,որը տեսանկարահանել արգելվեց։ Տիգրան Խզմալյանը մեղադրվում է այս տարի ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժելու ակցիայի ժամանակ ոստիկաններին չենթարկվելու համար։ Ակցիային մասնակցում էին յոթ տասնյակից ավելի ակտիվիստներ։ «Ես հարց տվեցի, թե ինչու 70 հոգուց ընտրեցին միայն 4-ին, և պատասխանեցին , որ առայջն ապացուցողական կազմը պատրաստ է մեր 4-ս վերաբերյալ, մնացած գործերը դեռ սպասում են իրենց հերթին»,- ասաց Տիգրան Խզմալյանը։ Ըստ մեղադրանքի՝ ապրիլի 15-ին Տիգրան Խզմալյանն ու ապամոնտաժող խմբի ևս մեկ անդամ բարձրացել են կրպակի տանիքն ու փորձել ապամոնտաժել այն։ Հայցվոր կողմը պնդում է, որ իր այդ քայլով Տիգրան Խզմալյանը անտեսել է հասարակական կարգը չխախտելու մասին ոստիկանների պահանջը։ Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց 3 ոստիկան վկաների, ովքեր այդ օրն իրենց ծառայությունն են իրականացրել Մաշտոցի պուրակում։ «Երկուսին ճանաչեցի, երրորդն ասում էր, թե 10 մետր հեռավորությունից հորդորում էր չխախտել օրենքը»,-ասաց նա։ Թեև դատարանում ներկայացած 3 վկաներից 2-ը չէին հիշում, թե կոնկրետ որ օրն է տեղի ունեցել միջադեպը, բայց մանրամասն ներկայացրին իրենք կողմից կատարված քայլերի հերթականությունը։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործով դատավարության վերջնական վճիռը դատավոր Արծրուն Միրզոյանը կհրապարակի հունիսի 12-ին։