Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ԵՄ ներկայացուցիչ. «Մենք ամենազոր չենք» (видео)

Հարավային Կովկասը կարող է դառնալ իրական զարգացման գոտի եւ կամրջել Եվրոպան Ասիայի հետ։ Դրա համար պետք է, որ տարածաշրջանի երկրներն իրենց մեջ ուժ գտնեն՝ լուծելու գոյություն ունեցող հակամարտությունները։ Տարածաշրջանում ԵՄ քաղաքականության ընդհանուր մոտեցումներն այսօր ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ուսանողներին ներկայացրեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լըֆորը։ «Պետք չէ հակամարտությանը լուծման հարցում ամբողջովին հույսը դնել միջազգային հանրության վրա։ Մենք ամենազոր չենք եւ չենք կարող փոխարինել կողմերի կամքը։ Ի վերջո, հայտնի է, որ դրսի դերակատարբները նախ եւ առաջ իրենց շահերն են հետապնդում»,-ասաց նա։ Դեսպան Լըֆորի խոսքերով՝ Եվրամիությունը ձգտում է ապահովել մարդկանց եւ էներգակիրների ազատ տեղաշարժը հարավկովկասյան միջանցքով։ Իսկ դրա համար նախ պետք է ԼՂ հակամարտության գոտում բացառել նոր պատերազմը. «Պատերազմն աղետալի կլինի կողմերի համար եւ լրացուցիչ անհարմարություններ կստեղծի Եվրամիության համար»։ Պատերազմական հռետորաբանությունը եւ սպառազինությունների մրցավազքը չեն կարող նպաստել խաղաղության կայացմանը, Ֆիլիպ Լըֆորը կրկնեց արդեն սովորական դարձած ձեւակերպումը։ Նա, սակայն, չհստակեցրեց, թե հակամարտության հատկապես ո՛ր կողմին է վերաբերում ասվածը։ Փոխարենը պարոն Լըֆորն արձանագրեց, որ Ադրբեջանը անհարկի տեղն է փորձում խոչընդոտել եվրոպացիների պաշտոնյաների մուտքը Արցախ։ «Հակամարտության գոտում արդյունավետ աշխատելու համար նախ պետք է մուտք գործել այդ տարածք», նշեց նա։ Ֆիլիպ Լըֆորն անձամբ ցանկություն ունի այցելելու Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպելու արցախցիների հետ։ Այս հարցում նրան, իր իսկ խոսքերով, կողմերի բարի կամքն է պակասում։