Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Աֆրիկյանների տան քարերն արդեն համարակալված են (видео)

Աֆրիկյանների տան բոլոր քարերն արդեն համարակալված են: Պատմաշակութային հուշարձաների ցանկում ընդգրկված այս կառույցը կառավարության որոշմամբ պետք է ապամոնտաժվի՝ մեկ այն վայրում վերակառուցելու նպատակով: Մինչդեռ մեկ տարի առաջ կառավարությունը խոստացել էր, որ այն իր տեղում կմնա: Կառավարության որոշումը կանխելու համար «Դեպի Աֆրիկյաններ տուն» ֆեյսբուքյան նախաձեռնությունը երեկ երեկոյան Տերյան 11 հասցեում էր՝ շենքը աղբից ազատելու համար: Աֆրիկյանների շենքով մտահոգվածները երեկ հայտարարեցին, որ արդեն 6 հազար ստորագորություն են հավաքել՝ ի պաշտպանություն մայրաքաքաղի պատմամշակութային արժեքների: Ստորագրությունը երեկ շարունակվեց հենց Աֆրիկյաննների տան մոտ։ Մշակույթի նախարարության պատասխանը Տերյան փողոցի 11-13 հուշարձան-շենքն ընդգրկված է 2004 թ. հոկտեմբերի 7-ի ՀՀ կառավարության N 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և, համաձայն նույն որոշման 2-րդ հավելվածի, այն ենթակա է ապամոնտաժման և տեղափոխման: 2006 թ. հունիսի 5-ին Երևանի քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Պուշկին-Տերյան փողոցներին հարող տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման կապակցությամբ և խնդրել մասնագիտական կարծիք տալ ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի և էսքիզային նախագծի վերաբերյալ: Քաղաքաշինական ծրագրերի փոփոխման պատճառով և կառուցապատողի խնդրանքով հարցին ընթացք չի տրվել: Ներկայում հուշարձան շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքներ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հուշարձանի տեղափոխման և մեկ այլ վայրում վերականգնմանն առնչվող գործընթացները, որոնք կանոնակարգված են ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգով, հնարավոր է իրականացնել միայն հուշարձանի վերականգնման (վերստեղծմանը) համար հատկացված նպատակահարմար տարածքի, նախագծային առաջադրանքի ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում՝ հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը: Վերը նշված փաստաթղթերի դեռևս մշակված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ մշակույթի նախարարությունն առ այսօր որևէ այլ գործառույթ չի իրականացրել: