Մշտադիտարկվել են կայքերը (видео)
Поддержи А1+!«Լրագրողներ հանուն ապագայի» հկ-ն ուսումնասիրել է հայաստանյան 10 առցանց լրատվամիջոցների հրապարակումները՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական 3 ամիսների և հետընտրական 2 շաբաթների ընթացքում։ «Մենք մշտադիտարկել ենք բոլոր կայքերի լրահոսը, տեսադարանը և այն տեղեկատվական հատվածները, որտեղ, որ հիմնականում տեղադրվում են կայքերի կողմից նորությունները», - այսօր լրագրողներին ասաց «Լրագրողներ հանուն ապագայի» հկ նախագահ Սուրեն Դեհերյանը։ Ապրիլի 8-ից մինչև մայիսի 20-ը մշտադիտարկվել է հայկական 10 ինտերնետային լրատվամիջոցների 8156 հրապարակում։ «Այնտեղ արձանագրվել է 18.288 անդրադարձ 9 կուսակցություններին և նրանց առաջին 3 անդամներին, որոնք ըստ ցանկի ներկայացված էին ընտրություններում»,- ասաց պարոն Դեհերյանը։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ լրատվամիջոցները նախընտրական և հետընտրական ժամանակահատվածում առավել բացասաբար են անդրադարձել Հանրապետական, Օրինաց Երկիր և Բարգավաճ Հայսատան կուսակցություններին։ «Բացառություն է կազմում միայն Panorama.am կայքը ՀՀԿ-ի նկատմամբ անդրադարձների գերիշխող քանակով»,- ասաց Սուրեն Դեհերյանը։ «Մեզ մոտ հիմնական նյութերի քանակը գրանցվել է որպես չեզոք, սակայն այդ հարթակում դրական և բացասական անդրադարձները երբ առանձնացնում ես, տեսնում ես, որ բալանսի խախտում կա»,- հավելեց նա։ Սուրեն Դեհերյանը բացասական երևույթ է համարում այն, որ հրապարակումների մի զգալի հատվածում տեղեկատվության աղբյուր չկա։ « Հրապարակումների 11 տոկոսում 8000-ից ավելի նյութերի նշված չեն որևէ տեղեկատվության աղբյուր։ Միայն 83 տոկոսում կա մեկ աղբյուր, իսկ որպես լրագրող մենք գիտենք, որ առնվազն 2 աղբյուր պետք է լինի»,- ասաց կազմակերպության նախագահը։ Թեև ընտրություններին նախորդող լռության օրն ըստ ընտրական օրենսգրքի թեկնածուները դադարեցնում են իրենց քարոզչությունը, բայց ըստ մշտադիտարկման արդյունքների՝ լրատվամիջոցների կողմից կուսակցություններին արդրադարձեր ամեն դեպքում եղել են։ «Այս հարցում առավել զուսպ էին A1plus.am-ը, Azatutyun.am և PanArmenianNet կայքերը, իսկ հրապարակումների թվով առաջատար են եղել Panorama.am-ը, 7օրը, 1in.am-ը»,- ասաց Սուրեն Դեհերյանը։