Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Գերմանիայի դեսպանի վերջին միջոցառումը (видео)

«Գերմանիայում միշտ ասում են, որ հայերը խելացի են։ Նավթ ու գազ չունեք, բայց հո ուղեղ ունեք», -ասում է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը։ Նա այսօր մասնակցում էր «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» խորհրդաժողովին, որ կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։ Կրթական ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը միջին մասնագիտական և արհեստագործական հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցն է փորձում նախ և առաջ լուծել։ «Գերմանիան որպես Համաշխարհային Երկրորդ պատերազմից հետո վերականգնված տնտեսություն ունեցող երկիր պատրաստ է իր փորձը կիսել գործընկերների հետ, որոնք պատրաստակամ են ընդունել այդ աջակցությունը»,- հավաստիացնում է Գերմանիայի դեսպանը։ Այս խորհրդաժողովում ամփոփվեց նաև GIZ-ի եռամյա ծրագիրը՝ «Դեպի զբաղվածությունը կողմնորոշված որակավորումը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում» խորագրով, որի շրջանակներում կազմակերպիչները փորձել են հաղթահարել գործատուների և ուսումնական հաստատությունների միջև թույլ համագործակցությունը։ Գործատուների համագործակցել չցանկանալը Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը մեկնաբանում է նախնական և միջին մասնագիտական կրթության նկատմամբ որոշակի անվստահությամբ։ Ըստ ծրագրի ղեկավարների՝ միջին մասնագիտական և արհեստագործական ոլորտների զարգացումը կհանգեցնի նոր աշխատատեղերի բացման և այդպիսով կլուծվի զբաղվածության խնդիրը Հայաստանի տնտեսության մեջ։ «Երկրին ինչպես որակյալ ինժեներներ, այնպես էլ լավ բանվորներ են պետք։ Աշխատուժի օգտագործումը կնվազեցնի արտահոսքը։ Ցավալի է, որ այսօր գյուղերում հիմնականում միայն կանայք են»,-նշում է Գերմանիայի արտակարգ դեսպան Շմիդթը։ Ի դեպ, ծրագրի շրջանակներում ստեղծվել է էլեկտրոնային պորտալ, որ կմիավորի մասնակիցներին Հայաստանում և Վրաստանում Սա դեսպանի վերջին միջոցառումն էր Հայաստանում։ Նա ավարտում է իր առաքելությունը և հույս ունի, որ դեռ կվերադառնա, քանի որ բազմաթիվ հայ ընկերների շնորհիվ իր սիրտը բացվել է Հայաստանի առջև և Հայաստանի համար։