Մեր ապագա լրագրողները (видео)
Поддержи А1+!Լրագրության մեջ պետք է լինել կամ բացառիկ, կամ անչափ հաջողակ, որպեսզի կարողանաս գումար վաստակել: Այսօր ԵՊՀ-ում լրագրության բաժնի ընդունելության բանավոր, մասնագիտական քննության ընթացքում դիմորդներին զգուշացնում էր հանձնաժողովի անդամ Ստեափն Զաքարյան: Այսօր 100 դիմորդի մեջ գերակշռում էին աղջիկները: «Քիչ տղաներ են համոզված, որ կլինեն բացառիկ: Աղջիկների մոտ դա ավելի հեշտ է ստացվում», «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան, հանձնաժողովի անդամ Ստեփան Զաքարյանը: Նա հիմնականում դժգոհ էր դիմորդների գիտելիքներից ու նրանց պատրաստվածության մակարդակից. «Եթե փողոցից մեկը գա, հարցնես, նույն տպավորությունն է: Ասենք, գալիս ասում են, որ մենք գտնում ենք, որ հեռուստատեսությունում պիտի բարելավվի խոսքի մատուցումը, բայց իրենք դա ասում են ոչ հայերեն»: Պարոն Զաքարյանը չի թաքցնում, որ բացի գիտելիքներից, իրենք մեծ ուշադրություն են դարձնում նաեւ արտաքին տեսքին. «Եթե իհարկե գիտելիք ունի ու բարձր գիտելիք, բարձր ենք գնահատում, անկախ տեսքից, բայց եթե տեսք ունի, ավելի մի քիչ ներողամիտ ենք»: Իսկ հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ Լրագրության բաժնի դեկան Նաղարշ Մարտիրոսյանը հույս ունի, իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի 100 դիմորդից ընտրել լավագույն 65-ին: Ինչպես մյուս, այնպես էլ այս քննության ժամանակ զավեշտալի պատասխանների պակաս չի եղել. «Հարց կար, թե երբ հանդիպեք ՌԴ նախագահին` ինչ հարց կտաք նրան, դիմորդը պատասխանել է` ինչպես եք անցկացնում ձեր ազատ ժամանակը: Նման կերպ կարելի է հարցնել, ասենք, մորաքրոջ ամուսնուն, այլ ոչ նախագահ Պուտինին: Պետք է տարբերել այս ամենը»: Ի տարբերություն հանձնաժողովի անդամների Դիմորդները հիմնականում գոհ էին իրենց պատասխաններից: Նրանց գերակշիռ մասը ցանկանում է աշխատել հեռուստատեսությունում: