Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հերթական բարձրահարկը՝ծառերի հաշվին (видео)

«Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող Սուրենյան փողոցում այսօր իրարանցում էր: Բնակիչները փողոց էին դուրս եկել ի պաշտպանություն իրենց հարեւանությամբ գտնվող կանաչ տարածքի: «Պուրակը, որը թթվածին է երեխաների համար, մի օլիգարխ` չհասունացած մեկը, սեփականաշնորհելով «Հաղթանակ» զբոսայգին, հիմա էլ այս պուրակն է ցանկանում զավթել, ասում են, որ «Հաղթանակ» զբոսայգու տերն է` Թորոս Ումրիկյանը: Կկառուցի մի անդուր շենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածքի բնակչուհի Վարդուհի Մարտիրոսյանը: Բնակիչներն ահազանգում են. առանց հանրային լսումների, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու եկել և գրավել են հանրային նշանակության կանաչ տարածքը, որն ինչպես իրենք են նշում պետք է խաղահրապարակի վերածվեր: «Պուրակում ծառահատումները սկսվել են այս տարվա ձմռանը. Կտրել են մոտ 30 ծառ»-, ասում են բնակիչները և հավելում, որ իրենք ընդվզել են, փորձել են թույլ չտալ մետաղյա պատնեշների տեղադրմանը, սակայն ապարդյուն: «Սուրենյան պուրակում ծառահատումը, պատնեշի տեղադրումը, նաև ոռոգման ջրի խողովակը անջատելը, այս ամենն իրականցրել է «Մեծ Մահակ» ՍՊԸ, սակայն ես կարծում եմ, որ դա ֆիկտիվ ընկերություն է, որի հետևում կանգնած են շատ ազդեցիկ մարդիկ, որովհետև այսպիսի հրաշալի տեղում շինարարության թույլտվություն ամեն մի պատահական մարդու չէին տա: Մենք դիմել ենք քաղաքապետարան, ասել են, որ գործը ընթացքում դատարանում կլուծվի, կվերանայվի, դիմել ենք դատարան և հունիսի 29-ին էլ դատն է լինելու»,-ասաց նույն տարածքի բնակչուհի Գոհար Հայրապետյանը: Բնակիչները վստահեցնում են, որ պայքարելու են մինչև վերջ.«Սա մեր երեխաների ծառերն են, մեր մեծերն են այստեղ հանգստանում, սա մեր օդն է, մեր թթվածինը և մենք պատրաստ ենք պայքարել, պատրաստ ենք նստացույցերի, պատրաստ ենք լայնածավալ ակցիաների»: Այսօր մեծահասակներին էին միացել նաև երեխաները, որոնք նույնպես իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: «Մենք խաղալու տեղ չունենք, բակում ենք խաղում, բայց մեծերը մեզ վրա խոսում են, իրենց խանգարում ենք, թույլ չեն տալիս խաղալ: Մենք ֆուտբոլի դաշտ ենք ուզում, մենք խաղահրապարակ ենք ուզում»,-վանկարկում էին երեխաները: