«Հայկական շուկայում մոդիֆիկացված սերմեր չկան» (видео)
Поддержи А1+!Բանջարաբոստանային մշակաբույսերի հայկական սորտերը ոչ միայն չեն վերացել, այլև դրանք մեծ պահանջարկ ունեն: Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանն այսօր լրագրողներին ասաց, որ նախորդ տարիների համեմատ 60 տոկոսով աճել է հայկական մշակաբույսերի արտադրման ծավալները: «Գիտական կենտրոնը բանջարաբոստանային մշակաբույսերի 3670 նմուշ ունի, որոնցից 103-ը արդեն շրջանացված սորտեր են: Եվ այդ 103 շրջանացված սորտերից 30-ից ավելին վերջին 2-3 տարիների ընթացքում են ստեղծվել», - ասաց Գայանե Սարգսյան: Նրա խոսքերով՝ արտերկրում հայկական մշակաբույսերի պահանջարկ կա, սակայն արտահանում չի իրականացվում: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ գիտական կենտրոնը դեռևս չի կարողանում բավարարել տեղական շուկայի պահանջները: «Պահանջարկը կա դրսից, և հատկապես այն առումով, որ մենք հիմնականում ունենք սորտեր, ոչ թե հիբրիդներ, իսկ սորտերի արժեքն ավելի բարձր է: Այս պահին մենք արտահանում ենք շատ քիչ քանակներ, որոնք գնում են ուղղակի փորձնական նպատակով»,- ասաց կենտրոնի տնօրենը: Գայանե Սարգսյան հավաստիացնում է, որ հայկական սորտերում չկան գենետիկորեն մոդիֆիկացված սորտեր, իսկ ներկրված սերմերը միայն լաբորատոր փորձաքննությունից հետո կարող են պարզ դառնալ՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) են դրանք, թե ոչ: Նա նշեց նաև, որ եթե նույնիսկ հայկական շուկայում վաճառվում են գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, ապա դրանք անպայման մակնշված են: «Տեսնելով թե որ ֆիրման է ներմուծում՝ դրանից կարող ենք միայն ենթադրել, թե դա կարո՞ղ է արդյոք լինել գենետիկորեն մոդիֆիկացված, որովհետև ոչ բոլորն ունեն գենետիկորեն մոդիֆիկացված սորտեր ու դա արտահանում են արդեն արտերկրներ և այն հասել է արդեն դաշտեր»,- ասաց տիկին Սարգսյանը: Բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերը հիմնականում ներկրվում են Հոլանդիայից, Գերմանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից և Չինաստանից: Գայանե Սարգսյան հավաստիացնում է, որ օրինական ճանապարհով Թուքիայից Հայաստան չի ներկրվում ոչ լոլիկ, ոչ էլ լոլիկի սերմ: Իսկ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը սպառողների համար միայն մեկ խորհուրդ ունի. «Լավն ու վատը տարբերելու համար պոմիդորի մի հատը զոհաբերեք ու խփեք պատին. եթե այն ընկավ գետնին, ուրեմն այլևս չուտեք դրանից, իսկ եթե քանդվեց պատի վրա, ուրեմն դա ամենալավն է»: