Քննարկում երաժշտության շուրջ (видео)
Поддержи А1+!Որքանո՞վ է արտերեկրում բնակվող հայ մտավորականը ընդունում եվրոպական արվեստի «խաղի կանոնները» կամ կա՞ արդյոք նման տարանջատում: «Երբ փորձում են արհեստականորեն մոտենալ իրար, այդ դեպքում ավելի շատ հակասություններ են ստեղծվում, իսկ երբ ինչ-որ մեկը սկսում է աշխատել իր ինդիվիդուալ տեսակետներով, ստեղծածը դառնում է համաշխարհային արժեք», -կարծում է վերջերս Շվեյցարիայից վերադարձած երիտասարդ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը։ Այսօր Արամ Խաչատրյան տուն-թանգարանում շվեյցարաբնակ երիտասարդ կոմպոզիտորը մասնակցեց իր իսկ ստեղծագործությունների՝ «Ադոնաիս»-ի և «Էպոստոլս»-ի շուրջ քննարկումներին: Ըստ երիտասարդ կոմպոզիտորի` հայ հոգևոր երաժշտությունը անմիջականորեն սնուցում է այսօրվա արվեստը՝ ավելի խոր շերտեր բացահայտելով։ Ունկնդիրներին ներկայացված 4 սոլիստի համար նախատեսված «Էպիստոլս» ստեղծագործությունը, ինչպես նշում է Արամ Հովհաննիսյանը, Նարեկացու տաղերի կառուցվածքային, երաժշտական սկզբունքների կիրառումն է։ «Դա ավելի շատ նվագախմբային շերտերի մեջ է, ինչը միգուցե առաջին հայացքից չի երևում, բայց որ անմիջական մասն է կազմում իմ երաժշտական տեխնիկայի»,- մեկնաբանում է կոմպոզիտորը։ Երաժշտությունը լսելուց հետո ներկաները անցան անմիջական քննարկման՝ հարցեր ուղղելով հեղինակին ու պատասխաններ փորձելով գտնել իր իսկ ստեղծագործության մեջ։ «Ես շատ ուրախ եմ, որ սա էլ է հայ երաժշտություն, որ հայ երաժշտությունը տարբեր կողմեր ունի, որ այն միատարր չէ»,- նշեց կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովը։ Շուրջ ինը տարի Եվրոպայում ապրած կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, խոստովանում է. «Իմ սնման աղբյուրը Հայաստանն է։ Ինչքան էլ որ դա այսօր տարօրինակ է հնչում»։