Որո՞նք են ինքնասպանությունների բուն պատճառը (видео)
Поддержи А1+!Երգահան Արտավազդ Բայաթյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր փորձում էին գտնել վերջին ժամանակներում պարբերաբար դարձած ինքնասպանությունների բուն պատճառը: «Այս ընդհանուր երանգը, ֆոնը, որ մենք ունենք, այդ ֆոնի վրա ինքնասպանությունները բնական բան են մեզ մոտ: Եվ դրա ամենակարևոր ապացույցներից մեկն այն է, որ այն մարդիկ, ովքեր այստեղից գնացել են և գնում են, եթե մնային, ապա ինքնասպան կլինեին»,- ասաց երգահան Արտավազդ Բայաթյանը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մեծ խնդիր է համարում այն, որ ուսումնասիրություններ չեն անցկացվում ինքնասպանությունների, բռնությունների և հասարակության մեջ առկա այլ արատավոր երևույթների պատճառները հասկանալու համար: «Նույնսիկ քննչական մարմինների կողմից մենք չունենք ոչ դրանց քանակի, ոչ էլ հատկապես դրանց պատճառների մասին քիչ թե շատ ընդհանրական տեղեկություն»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետը կարծում է, որ հասարակության մեջ խորը արմատացած անարդարության համոզմունք կա: Հրանուշ Խարատյանը համոզված է, որ սոցիալապես և հոգեկան ծանր վիճակում հայտնված մարդկանց ինքնասպանությունից հեռու կարող է պահել Հայ առաքելական եկեղեցին: «Եթե տվյալ տարածքում կա քահանա, ապա նա պետք է իմանա իր ծխի անդամներին և նրանց կյանքը: Ուղղակի չկա այդ կապը. քահանան գալիս է ժամերգությանը, իսկ մարդիկ գալիս են եկեղեցի, և վերջացավ մարդ- քահանա կապը»,- նկատեց տիկին Խառատյանը: Բանախոսներն այսօր անդրադարձան նաև օրեր առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համոզված է, որ եթե ԶԼՄ-ներն իրենց ուշադրության կենտրոնում չպահեն այդ միջադեպը և հետևողական չլինեն դատավարությանը, ապա մեղավորներն արժանի պատիժ չեն ստանա: «Անկասկած կեղծիք կլինի. դա մեր հասարակության և իմ խորին համոզմունքն է: Ես խորապես վստահ եմ, որ նորմալ դատ չի լինելու, բայց որքան մեծ լինի ճնշումը, այդքան մենք մոտ կլինենք»,- վստահ է ազգագրագետը: