Նանսենը դեմ կլիներ (видео)
Поддержи А1+!«Այգին պատկանում է հանրությանը», «Ոչ մի կառուցապատում կանաչ գոտում» բովանդակությամբ պաստառներով Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչներն այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց էին: Նրանք պահանջում են դադարեցնել Նանսենի անվան այգում քաղաքապետարանի թույլտվությամբ ընթացող շինարարությունը: «Գայի արձանի կողքը նախատեսված էր, որ պետք է ձմեռային այգի լինի, սակայն վերջում շինարարները կամ սեփականատերը մտածեցին, որ դա իրեն չի արդարացնի տվյալ տարածքում և սուպրմարկետ կառուցեցին: Իսկ Նանսենի անվան այգու ներքևի հատվածում, հանրային զուգարաններ էին եղել, որոնք հետագայում դարձավ մեծ շինություն, մեծ սրճարան»,-ասաց Անի Կաղինյանը: Ըստ բնակիչների, Նանսենի այգին բարեկարգման կարիք ունի և առաջին հերթին այդ հարցը պետք է լուծվի եւ ոչ թե կանաչ տարածքի հաշվին թանգարան կառուցվի: «Այնտեղ արդեն հրդեհային իրավիճակ է ստեղծվել, խոտը չի քաղվում, ծաղիկները չեն ջրվում: Հանրային զուգարան չկա, գիշերը լուսավորություն չկա»: Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին այսօր միացել էին նաեւ Նոր Նորքի առաջին զանգվածի տարեցները: «Ամեն երեկո կամ առավոտ, որ մտնեք այգի, կտեսնեք, թե ինչքան երեխաներ կան, դա մանկական այգի է, ոչ թե մեծահասակների: Շատ ափսոսում եմ ծառերը: Մեկ մարդուն հասնում է մի թանգարան, ինչու են երկու-երեք տեղ կառուցում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Նոր Նորքի բնակիչ Կորյուն Ուռուցյանը: Ի դեպ, մեծ հայասերի` Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրող թանգարան անցյալ տարի արդեն բացվել է Լոռու մարզի Գուգարք համայնքում: Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի քան համոզված են, որ մեծ մարդասեր Նանսենը նույնպես դեմ կլիներ, որ կանաչ տարածքների հաշվին իր անվամբ թանգարան բացեն: Ակցիայի մասնակիցներն այսօր 600 բնակիչների ստորագրությամբ դիմում-պահանջ հանձնեցին քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանին: Վերջինս թեև իրավասու չէր, որևէ հարցի պատասխանել, սակայն լիազորված բնակիչներին հրավիրեց ներս` դիմումը մուտքագրելու: Քաղաքապետարանում բնակիչենրին վստահեցրել են, որ իրենց դիմումի պատասխանը կլինի մեկ ամսվա ընթացքում: