Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Չեն բացահայտում Մհեր Ենոքյանի գործը (видео)

Ցանկություն չունեն օբյեկտիվ քննություն կատարել եւ բացահայտել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործը։ Կարծում է նրա պաշտպան Վահագն Մանուկյանը։ «Կարող եմ հաստատ պնդել, որ այն գործը, որը քննվել է եւ որի համար Մհեր Ենոքյանը դատապարտվել է, քննությունը կատարվել է կոպիտ դատավարական խախտումներով, որոնք ժամանակին անտեսվել են»,- նշում է պաշտպանը։ Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել Ենոքյանի բողոքը, թեեւ, ըստ փաստաբանի, 16 տարի անց գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ «Հանցագործության գործիք, իրեղեն ապացույց ճանաչված առարկաները ոչ օրինական կարգով են ներկայացվել, քանի որ կատարված փաստաբանական հարցումներով ՀՀ վիզաների եւ անձնագրային վարչության տվյալները, ինչպես նաեւ Ավան եւ Նորք- Մարաշ համատիրության ներկայացուցիչները հայտնել էին, որ նման կարգի ընթերականներ, ում ներկայությամբ հանձնվել են իրեղեն ապացույցները գոյություն չունեն»,- «Ա1+»- հետ զրույցում նշեց Վահագն Մանուկյանը։ Պաշտպանը վստահ է, որ նոր ի հայտ եկած փաստերը Վճռաբեկ դատարանում կստանային իրենց իրավական գնահատականը։ Արդեն Վճռաբեկ դատարանի որոշման մերժումը տրամադրել է Գլխավոր դատախազին. «Կարծում եմ գլխավոր դատախազությունը այդ եղած բոլոր փաստերին, ապացույցներին, գնահատականներին իր գնահատականը տա, նյութեր նախապատրաստի»։ Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման համակուրսեցուն սպանելու համար։ Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ 16 տարի շարունակ պնդում է, որ անմեղ է։ Գործով անցնող մյուս մեղադրյալը ընդունել է իր մեղքը եւ 15 տարի հետո հայտնվել ազատության մեջ։