Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Օմբուդսմենը նույնիսկ մոմ վառելու իրավունքից է զրկված (видео)

Մարդու իրավունքների պաշտպանը «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցածի մասին որևէ հայտարարություն չի արել, քանի որ դրա իրավունքը չունի։ «Ես ցավով պետք է հայտնեմ, որ և՛ այս, և՛ քրեական մյուս դեպքերում մարդու իրավունքների պաշտպանը որևէ իրավունք չունի միջամտելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Անդրեասյանը։ Մինչ ասուլիսի սկսելը, բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը։ Կարեն Անդրեասյանը համոզված է, որ և՛ Վահե Ավետյանի սպանությունը, և՛ մյուս բոլոր անօրինականություններն ու ամենաթողությունը դատաիրավական համակարգի թերի լինելու հետևանք են. «Եթե մեր դատաիրավական համակարգը գործեր այնպես, ինչպես պետք է գործի ըստ օրենքի, մարդիկ նույնիսկ չէին փորձի մարդու իրավունքների պաշտպանի մոտ տեսնել այդ խնդրի լուծումը»։ Օմբուդսմենը նախանձում է բոլոր այն քաղաքացիներին, քաղաքական ուժերին, որոնք կարող են արտահայտել իրենց կարծիքը, վրդովմունքը այնպիսի երևույթների վերաբերյալ, ինչպիսին Հարսնաքարում տեղի ունեցած սպանությունն է։ «Ես կարող էի ժամեր շարունակ ասել, թե որպես մարդ, որպես քաղաքացի՝ ինչ եմ զգում, որքան եմ վրդովված, որքան է այս ամենը ինձ համար թվում այլանդակություն և անընդունելի մի իրավիճակ։ Բայց սա ընդամենը Կարեն Անդրեասյանի վրդովմունքն է։ Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ես իրավունք չունեմ գնահատականներ տալու»,- ասաց Կարեն Անդրեասյանը։ Եթե Կարեն Անդրեասյանը չլիներ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, նա կլիներ Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած վայրագությունների դեմ ակցիայի կազմակերպիչներից մեկը։ «Ես զրկված եմ նույնիսկ իրավունքից՝ որպես մարդ գնալ և մոմ վառել ինչ- որ ակցիայի ժամանակ։ Եվ, ցավոք սրտի, ես ստիպված եմ լինել հավասարակշռված։ Ձեզ համար կարող է վայրի հնչել, բայց այն մարդիկ, ովքեր ձերբակալված են այս գործով, նրանք նույնպես պետք է կարողանան դիմել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին»,- ասաց օմբուդսմենը։