Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ամեն ինչ սկսվեց Պոպլավոկից (видео)

Հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում թիկնապահների կողմից դաժան ծեծի արդյունքում ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանի մահը մեր համաքաղաքացիներին հիշեցնում է տարիներ առաջ տեղի ունեցած համանման մեկ այլ դեպք. «Ակամայից հիշում եմ Պոպլավոկում տեղի ունեցած այդ դեպքը` բարձրաստիճան մեր ղեկավարների հետ կապված: Մի դեպք եղավ, չպատժվեցին, 2-րդն էլ կլինի, եւ, Աստված մի արասցե, 3-րդն էլ կլինի»,- ասաց Գայանե Մկրտչյանը: Մեր հարցամն մասնակիցներն ավելի քան համոզված են. նման անմարդկային միջադեպերն անպատժելիության հետեւանք են. «Թղթի մեջ գրելուց բացի, պետք է բոլորս այդ օրենքին ենթարկվենք, ով որ իշխանության է գալիս, նրանք առավելեւս շրջանցում են, ով օրենք է գրում, ինքը չի պաշտպանում այդ օրենքը, դա է ցավը»,- ասաց Գայանե Մկրտչյանը։ «Մեզ մոտ երեւի պակասում է փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը»,- ասաց մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ: «Խոսքը ցածր մշակույթի մասին է, որ կարծես թե մարդիկ կրթությունից չեն զրկված, ամեն ինչ կարծես թե ունեն, բայց չեն կարողանում իրենց խնդիրներն ու կոնֆլիկտները լուծել քաղաքավարի, մարդավարի, այլ դիմում են ծեծկռտուքի ու բարբարոսական այլ ձեւերի, եւ դա բերում է այդպիսի ծանր հետեւանքների»,- ասաց Գրիգոր Դավթյանը: «Չերեզ չուռ հարստանալու արդյունք է. մարդիկ օգտվում են իրենց հարստությունից եւ ինչերի ասես դիմում են, արհամարհում են մյուսներին»,- ասաց Ռոբերտ Շահնազարյանը: Միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքը մեր համաքաղաքացիներից շատերին հավատ չի ներշնչում. «Մեկ է` արդարացի որոշում չի լինի։ Կպատժվեն մասամբ»,- ասաց Ռոբերտ Շահնազարյանը: «Ինչքան կյանք է նա փրկել, ու հիմա ինչ-որ հաստավզի համար գնա, կորի, էլ ընտանիքի մասին չեմ խոսում»,- ասաց Գայանե Մկրտչյանը :