Ցմահները`պատի առաջ (видео)
Поддержи А1+!Ինչպես բոլոր ազատազրկվածների, այնպես էլ ցմահների համար զբաղվածության խնդիրը ամենաառաջնային է։ «Մի քանի հոգով նստած են խցում եւ այդ խցից դուրս շփում չունեն ոչ ոքի հետ։ Իսկ զբոսանքը միշտ չէ, որ պահպանվում է, օրենքով 1 ժամ օրը զբոսանք է սպասվում, չգիտեմ երկու օրը մեկ, կամ շաբաթը մեկ, այն էլ մեկժամյա զբոսանքն է նրանց զբաղմունքը»,- ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Գրողների միությունում այսօր ցմահ ազատազրկվածների հիմնախնդիրներով քննարկում էր նախատեսված, որը քչերին հետաքրրքեց: Հանդիպմանը ողջույնի խոսք վստահված էր գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին, որն այդպես էլ չներկայացավ: Այսօր Հայաստանում 105 ցմահ դատապարտյալ կա։ Ըստ նախաձեռնության անդամների՝ այդ մարդիկ բետոնե հաստ պատի առաջ են կանգնած։ Նախաձեռնության անդամներից Զարուհի Մուրադյանի տվյալներով այսօր նույնիսկ ցմահ ազատազրկվածների նամակները չեն հասնում համապատասխան պաշտոնյանհներին: «Ես ուզում եմ հասկանալ, սա ինչ գործելաոճ է այսպիսի արհամարհանքի արժանացնել մարդկանց դիմումները»,- ասաց նկարչուհի Զարուհի Մուրադյանը։ Ցմահ ազատազրկվածների խնդիրներով զբոաղվողները այսօր մեկ անգամ եւս ընդգծեցին, որ իրենք ամենեւին չեն ցանկանում, որ ծանր հանցագործություն կատարած անձիք խուսափեն պատժից, սակայն. «Ցանկացած մարդ ունի չղջալու եւ ապաշխարհելու իրավունք, եթե մարդը ինչ որ ժամանակ դատապարտված լինելուց հետո կարող է հասարակություն վերադառնալ եւ օգուտ բերել, մենք դիմում ենք, որպեսզի անդրադառնան այդ հարցին»,- ասաց Զարուհի Մուրադյանը։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն էլ ավելացնում է. «Պատժի նպատակը ոչ թե անձին ուղղելն է, այլ նաեւ հասարակություն վերադարձնելը։ Այսօր այդ ուղղությամբ որեւէ քայլ չի կատարվում»։