Ներառական կրթությունն ուղղակի փրկություն է (видео)
Поддержи А1+!11-ամյա Էրիկ Անտոնյանը սովորում է 180 դպրոցում: Առաջին հայացքից չես կարող կռահել, թե ինչ խնդիրներ ունի այս փոքրիկը: Նա խոսել սկսել է միայն 7 տարեկանից: Իսկ այսօր ներառական կրթության շնորհիվ ոչ միայն խոսում է, այլև գրում եւ անգամ սիրելի առարկաներ ունի՝ մայրենին, մաթեմատիկան, ռուսերենն ու անգլերենը: Էրիկի մայրիկի` Քրիստինե Ասատրյանի խոսքերով դպրոցներում ներառական կրթությունն ուղղակի փրկություն է խնդիրներ ունեցող երեխանների համար: «Փառք Աստծո, ուսուցիչները շատ նորմալ են վերաբերվում։ Որևէ խնդիր չենք ունեցել», ասաց նա։ Էրիկի մայրիկին և նմանատիպ խնդիրներ ունեցող այլ երեխաների ծնողներին այսօր մեկ տանիքի տակ միավորել էր «Ծնողները ծնողներին» հաշմանդամ երեխաների ծնողների 4-րդ համագումարը: Համագումարին ներկա Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ներառական կրթությունը այս երեխաներին հնրավարություն կտա ուսումը շարունակել հանրակրթական դպրոցներում իրենց հասակակիցների հետ: Այս հարցում տիկին Հովհաննիսյանը կարևորում է նաև ծնողների դերը. «Այսօր դպրոցը չի կարող աշխատել առանց ծնողի օգնության՝ անկախ նրանից երեխան հաշմանդամ է, առողջ է, թե ինչպիսի կարիք ունի։ Եթե ծնողը դպրոցի հետ չէ, այդ աշխատանքը չի կատարվում»։ Այսօր Հայաստանում կա 81 ներառական դպրոց, որտեղ սովորում են շուրջ 2000 առանձնատատուկ կրթության կարիք ունեցող երեխաներ: «Ես տեսնում եմ մեր տեսլականը և այդ մարտահրավերների մեջ կարևորում եմ, որ բոլոր դպրոցները պետք է ընդգրկեն այն երեխաներին, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ», - ասաց ԿԳՆ հանրակրթության վրչության պետ Նարինե Հովհաննիսյան: Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների հետ աշխատում են միայն մասնագիտացված ուսուցիչներ, որոնք կրթություն են ստանում Հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետում: Հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանի կարծիքով, ընդհանրպես խիստ կարեւոր է շրջապատող մարդկանց, հասարակության վերաբերմունքը նմանատիպ երեխաների հանդեպ. «Եթե ցանկացած մարդու, իր դիմացինին վերաբերվեն ինչպես իրենց և իրենց հարազատին են վերաբերվում, այդ դեպքում, իհարկե, շատ բան կփոխվի»: