Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ստեփան Սաֆարյանը կառաջադրվի (видео)

Ժառանգություն կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը որպես պատգամավորի թեկնածու կրկին կփորձի իր ուժերը թիվ 1 ընտրատարածքում: Նույն տարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանն արդեն հայտարարել է, որ հրաժարվում է իր մանդատից։ «Այդ ընտրատարածքում իմ կուսակցության, նաեւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի զորակցությամբ ես պատրաստ կլինեմ մտնել մրցակցության մեջ»,-ասաց նա։ Ռուբեն Հայրապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին հայտարարեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահվանից հետո, որը դաժան ծեծի էր ենթարկվել պարոն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում նրա թիկնազորի կողմից։ «Անթույլատրելի էր եւ աններելի բոլորիս համար նման միջադեպի տեղի ունենալը։ Ես այն համարել ու համարում եմ հանրապետությունում տարիներ շարունակ պատժելիության բացակայության հետևանք»,-նշեց Ժառանգություն կուսակցության քարտուղարը։ Ստեփան Սաֆարյանն այսօր խոստովանեց, որ պարոն Հայրապետյանի հրաժարականի մասին հայտարարությունն իր համար անակնկալ էր. «Կարող էի սպասել, որ միջադեպեր կլինեն այս կամ այն տարածքում, որտեղ անպատժելիության մակարդակը ավելի բարձր է, բայց որ դա կավարտվեր մահով եւ մահը պատճառ կդառնար նոր ընտրությունների, մտքովս չէր կարող անցներ»։ Հետեւելով քաղաքական դաշտում ընթացող զարգացումներին՝ պարոն Սաֆարյանը կարծում է, որ մինչեւ առաջիկա նախագահի ընտրություններ Սերժ Սարգսյանը ուղղակի չի կարող ազատվել Խորհրդարանում հայտնված օլիգարխներից: Փաստն այն է, որ Ռուբեն Հայրապետյանը դեռ պատգամավոր է։ Իսկ որքանո՞վ է իրատեսական, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ Հայրապետյանը հայտարարի, թե մտքափոխվել է եւ վայր չի դնում մանդատը հարցին Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Իշխող քաղաքական ուժի հետ կապված շատ դժվար է կանխատեսում անել։ Մի բան հայտարարում են, մեկ այլ բան անում»։ Օգտվելով առիթից՝ Ստեփան Սաֆարյանն այսօր եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց թիվ 1 ընտրատարածքի այն ընտրողներին, ովքեր իրենց վստահության քվեն տվել են իրեն. «Առանց մեկ կոպեկ ընտրակաշառք բաժանելու, առանց որեւէ մեկին տանից դուրս հանելու, մեքենայով ընտրատեղամաս բերելու՝ ես կարծում եմ, որ շուրջ 10000 ձայնը չափազանց լուրջ ցուցանիշ է»։ Ի դեպ, անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ առաջիկայում պատերազմի վտանգ չկա։ Իսկ ԼՂ-ի նախագահի առաջիկա ընտրություններում Ժառանգություն կուսակցությունը նախընտրած թեկնածու չունի։