Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Իշխանափոխությունը դարձել է հրամայական (видео)

«Դաշնակցությունը նախագահի թեկնածուի պակաս չունի, սակայն ինքնանպատակ չի առաջադրվելու»,-այսօր հայտարարել է ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ով էլ առաջադրվի եւ ակնկալի Դաշնակցության աջակցությունը, նա պետք է համաձայնվի կուսակցության մի առաջարկության հետ. «Նախագահականից հրաժարում, անցում խորհրդարանականի եւ ընդդիմության վերահսկման հնարավորությունների ամրագրում իշխանություններին հակակշռելու համար կարող է հանդիսանալ այն գաղափարը, որ համախմբի ընդդիմադիր զանգվածը Հայաստանում»։ Իշխանափոխությունը Գերագույն Մարմնի վերջին որոշումով Դաշնակցության համար դարձել է հրամայական, դրան հասնելու համար պարոն Ռուստամյանը տեսնում է 50 տոկոսից ավելի ընտրազանգված. «Դրան (իշխանափոխությանը-խմբ) նպաստող ցանկացած քայլի մենք կգնանք, որ օր առաջ դա իրականացվի»։ Սակայն հարցն այն է՝ Դաշնակցությանը կհաջողվի՞ համախմբել ընդդիմադիր դաշտը իշխանափոխության հասնելու համար։ Արմեն Ռուստամյանն ասում է, որ նախագահի ընդդիմադիր միասնական թեկնածուի անձը ընդդիմադիր դաշտի համար պետք է լինի երկրորդական. «Հայաստանում հենց դրեցիք անձի հարց, հարց կառաջանա՝ ինչի՞ այս անձը, ինչի ոչ էս անձը»։ Ինքը, համենայնդեպս, գիտի, որ ընտրությունը կարող է լինել դաշտում առկա 4 ընդդիմադիր կուսակցություններից՝ ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից, Դաշնակցությունից եւ Ժառանգությունից։ «Դա կարող է լինել ոչ նրանից, ոչ նրանից, ոչ նրանից, մի չորրորդ անձ, մի 5-րդ անձ, որը էս երկրում հեղինակություն ունի»,- շարունակում է նա։ Դաշնակցությունը հույս ունի համոզել ժողովրդին, որպեսզի նախագահի ընտրություններում ժողովուրդը չվերցնի առաջարկվելիք 10 կամ 20 հազար դրամները. «Կկարողանանք, կհամոզենք, չենք կարողանա՝ նորից դժվարություն է մեզ սպասվում»։ Այնուամենայնիվ, իշխանափոխության ծրագիրը Դաշնակցության օրակարգում է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ դրան չեն հասել։