Քաղաքական հնչերանգ տալը անընդունելի է (видео)
Поддержи А1+!«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժիշկ Վահե Ավետյանի մահվանը քաղաքական հնչերանգ տալը անընդունելի է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար։ Նա դեպքը դիտում է երեք հարթություններում միայն՝ մարդկային, քաղաքացիական և իրավական։ «Չորրորդ՝ քաղաքական, հարթություն գոյություն չունի։ Քաղաքականացման փորձերը ամբողջությամբ բարոյազրկում են մեր բարոյական ցասումը», - նշեց նա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաև Կազանում Եվրասիական միության ստեղծմանը նվիրված կլոր սեղանին։ Այնտեղ քննարկված հարցադրումները ավելի կհստակեցվեն Երևանում աշնանը և պարզ կդառնա, թե ԱՊՀ որ երկրներն են հատկապես ներգրավվելու Եվրասիական միության մեջ։ Նմանատիպ միության ստեղծման նպատակը, նախարարի համոզմամբ, մեկն է՝ ստեղծել կուսակցական համապատասխան կառույց, որը կլրացնի այսօր գոյություն ունեցող բացը քաղաքական ուժերի շփման համար։ Արտաքին կապերի ընդլայնումը նպատակ ունի ներմուծել կուսակցական աշխատանքի լավագույն փորձը, ինչպես նաև հնարավորություն կտա միջազգային կառույցներից բարձրաձայնել քաղաքական օրակարգում եղած հարցեր։ Իսկ մինչև տարեվերջ նոր համագործակցություններ են սպասվում նաև Չինաստանի հետ, այդ թվում՝ կրթական բնագավառում։ «Հայաստանում չինարենի խորացման ուսուցմամբ դպրոց բացելու ուղղությամբ աշխատանքներ են արդեն տարվում»,-ասաց կրթության և գիտության նախարարը։ Նախարարը շեշտեց նաև, որ իրենց համար այս կամ այն երկրի հետ համագործակցելու միակ խթանը Հայաստանի շահն է. «Գործընկերների սահմանափակում ըստ աշխարհքաղաքական ճաշակի մենք չունենք»։ Ի դեպ, օգոստոսի 24-26-ին Ստեփանակերտում ծրագրվում է Հայաստանի և ԼՂ-ի խորհրդարանական 9 քաղաքական կուսակցությունների առաջին կլոր սեղանը։