Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վահրամ Սահակյանը բեմադրել էր (видео)

Հրապարակախոս Վահրամ Սահակյանն ինքն է բեմադրել վերջին օրերին իր «աղմկահարույց» ծեծը. «Իմ ընկերուհուն խնդրեցի, ես ընկա գետնին, ասեցի մի հատ կետչուպ քսեք, մի հատ պառկեմ, նկարեք, դնեմ սայթում»։ Վահրամ Սահակյանը վերջին օրերին այդպիսի կատակներ շատ է արել, սակայն անձնագիրն, օրինակ, պատռել է ամենայն լրջությամբ. «Անձնագիրը պատռել եմ, նետել եմ Ազգային Ժողովի գլխին»։ Լրագրողները հիշում էին, որ «Հարսնաքարի» բռնություններին Վահրամ Սահակյանը հավանություն էր տվել։ Ինքն ասաց, որ քնաթաթախ է պատասխանել «Հարսնաքարի» մասին լրագրողի հարցմանը։ Այսօր վստահեցնում է, որ ծեծելը հարցի լուծում չէ, բայց ահա գնդակահարելը հարցի լուծում է։ Իսկ մեր պետական պաշտոնյաներից ու՞մ ըստ Վահրամ Սահակյանի, կարելի է գնդակահարել։ «Բոլորին»,-ասաց նա։ Հրապարակախոսը համոզված է, որ այս երկրից պետք է թողնել գնալ, որովհետեւ այլեւս բառեր չի գտնում բնորոշելու իշխանություններին։ Սերժ Սարգսյանի մասին, սակայն, լավ կարծիքի է։ «Սերժ Սարգսյանը միտք ունի գոնե, գլուխ ունի, գիրք ա կարդում»,-ասաց նա։ Ավելի ուշ պարզվեց, որ, ըստ նրա, Սերժ Սարգսյանը կապ չունի ոչ Ռուբեն Հայրապետյանի անպատժելիության, ոչ երկրի բոլոր խնդիրների հետ, ինքն ավելի կարեւոր գործով է զբաղված. «Սերժ Սարգսյանն իրա մասին ա մտածում»։ Պարոն Սահակյանը լրագրողներին զգուշացրեց, որ եթե այսօր վատ է, վաղը կարող է լավ լինել։ Ինքը, միեւնույն է, մտածում է արտագաղթելու մասին, առանց անձնագիր. «Որ ուզենամ հեռանամ, առանց անձնագիր էլ կհեռանամ»: