Տեսախցիկներ զորամասերում (видео)
Поддержи А1+!Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին դուր է գալիս զորամասերի որոշ հատվածներում տեսախցիկներ դնելու գաղափարը։ «Մենք որոշակի տեղերում ունենք տեղադրված, օրինակ, պահակային ավաններում, պահակատներում, հսկիչ անցագրային կետերում, որտեղ քաղաքացիների հետ ընդհարումներ է տեղի ունենում ժամանակ առ ժամանակ»,-ասում է նա։ Այնուամենայնիվ, տեսախցիկների միջոցով որեւէ հանցագործության բացահայտումը նախարարին մեծ հայտնագործություն չի թվում, իրենք, իր բառերով, բացահայտում են ցանկացած հանցագործություն. «Կանխարգելիչ միանշանակ կլինի, բայց դրա համար մենք որոշակի նյութական միջոցներ պիտի ձեռք բերենք, որ դա տեղադրենք»։ Նախարարին հետաքրքրում էր՝ լրագրողները հատկապես որտե՞ղ են պատկերացնում տեսախցիկների տեղադրումը, բանակը լայն հասկացություն է. «Հիմնական պրոբլեմներն առաջանում են առաջնային գծում, որտեղ հրամանատարների վերահսկողությունը թույլ է»։ Այս տարի, ըստ նախարարի, համածառայակցի կողմից դիտավորյալ սպանության մեկ դեպք է եղել ընդամենը, փոխարենը զորամասերում 3 անգամ աճել է ինքնասպանությունների թիվը. «Անցած տարի մենք այդպիսի ունեցել ենք մեկ դեպք, այս կիսամյակում ինքնասպանության 4 դեպք»։ Պարոն Հակոբյանը վստահեցնում է՝ բանակը մարտունակ է տեսախցիկներից անկախ, պատերազմի հավանականությունն էլ փոքր է, եւ պատերազմի վերսկսման դեպքում մենք նորից հաղթելու ենք։ Նախարարը համոզված է, որ եթե Ադրբեջանը հարձակվի առաջինը, Արցախի պաշտպանական բանակը միայն կրկնապատկելու է տարածքային հաջողությունները։