Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Գործն ուղարկվել է դատարան (видео)

Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան։ «Մենք իրավունք ունեինք երկու օրվա ընթացքում բողոքարկել դատախազին, մենք ֆիզիկապես չհասցրեցինք բողոքարկել, որովհետեւ ես չգիտեմ, ուր են շտապում, քննիչը, դատախազը, դատարանը»,- «Ա1+»-ին հայտնեց Արման Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցը։ Քրեական գործը հարուցվել է ապրիլի 30-ին ԱԺ նախընտրական շրջանում Հայ Ազգայի Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով: Շենգավիթ վարչական շրջանում ոմն Տիգրան Մանուկյանը հարվածել էր տարածքում դիտորդական առաքելություն իրականացնող Արման Վեզիրյանին, որը պահանջել է գործ հարուցել իր աշխատանքին խոչընդոտելու համար: Բայց իրավիճակը փոխվել է, եւ իրավապաշտպանին է մեղադրանք առաջադրվել ՔՕ-ի 118 հոդվածով՝ ծեծ հատկանիշներով։ Արման Վեզիրյանն ու նրա փաստաբանը հուսով են, որ դատարանում կբացահայտվի իրականությունը եւ իրական մեղավորները կպատժվեն: « Դատական նիստի ընթացքում կլինեն անակնկալներ, բայց ներկա պահին չենք գտնում նպատակահարմար այդ մասին ասել, որովհետեւ մենք մեզ վնաս կտանք»,- եզրափակեց իրավապաշտպան Արման Վեզիրյանը։