Ա.Իշխանյան. Կոսմետիկ միջամտություններ են (видео)
Поддержи А1+!«ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-16թթ. ռազմավարական ծրագրի» իրականացումը իշխանությունների պատվի հարցն է: Այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. «Սա զուտ բարի ցանկությունների արտահայտություն չէ, այստեղ, իրոք, զետեղված են նպատակներ, որոնց հասնելու խնդիրը մեզանից յուրաքանչյուրի վրա է դրված»։ Ըստ նախարարի` ով դեմ է այս ծրագրին, նա դեմ է ՀՀ զարգացմանը։ Դատական համակարգի առկա խնդիրների լուծումը նա համեմատում է տան շինարարության հետ. «Երբ աշխատանքներ են ընթանում, երկար ժամանակ արդյունքն այնքան էլ տեսանելի չէ։ Որոշ ժամանակ հետո է միայն սկսվում նոր շենքի բարձրանալը: Այս ծրագիրն այդ շենքի բարձրացնելուն է ուղղված»: Այս ծրագիրն արժի մի քանի տասնյակ միլիոն դրամ եւ նախարար Թովմասյանի հավաստիացմամբ` ամեն ինչ անելու են, որպեսզի որեւէ վարկային ծրագիր չներառվի, այլ լինեն միայն դրամաշնորհներ ու պետբյուջեի միջոցներ: Միջոցառմանը ներկա Սերժ Սարգսյանի օգնական Գեորգի Կոտոյանն այսօր իր հերթին վստահեցրեց, որ ռազմավարական այս ծրագիրը հակակոռուպցիոն ուղղվածություն ունի եւ միտված է լինելու հատկապես դատական իշխանության լիարժեք անկախացման պահպանմանը։ Պաշտոնյաների այսօրվա խոստումները հավատ չեն ներշնչում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին: Ըստ նրա` եթե չկան օրենսդրական փոփոխություններ, ապա մնացած ամեն ինչը կոսմետիկ միջամտություններ են. «Ինչքան ուզում ես բարեփոխում արա, մենք չենք ունենա դատական իշխանություն, կունենանք դատական համակարգ` կախված գործադիր իշխանությունից: Մնացածն ուղղակի գեղեցիկ խոսքեր են»։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր անդրադարձավ նաեւ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավճռին, ըստ որի երիտասարդը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով. «Արդարադատության գլխին ես չեմ կանգնած, այլ դատարանները: Ցանկացած իմ պատասխանը կգնահատվի որպես ազդեցություն դատարանի վրա, որովհետեւ գործի քննությունը շարունակվում է»: