Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Պատգամավորները Ռ.Հայրապետյանի մասին (видео)

Կվերցնի՞, թե՞ ոչ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն իր պատգամավորական մանդատը: ԱԺ պատգամավորներն այսօր խուսափում էին մեկնաբանություններից. «Երբ նա ետ վերցնի հրաժարականի մասին իր դիմումը, այն ժամանակ ես կմեկնաբանեմ»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ ԲՀԿ պատգամավոր, խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասում է, թե «Կոռեկտ չեմ համարում գործընկերների քայլերը մեկնաբանել, որոնք մեզ հետ առնչություն չունեն»։ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ կոռեկտ չի համարում խոսել անգամ Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ'Արմենի Մագազին»-ին տված հարցազրույցին։ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե հետ է վերցնելու իր պատգամավորական մանդատը, որից հրաժարվել էր 2 ամիս առաջ: Իր այդ հայտարարությունը նա հիմնավորել էր նրանով, որ կսպասի մինչեւ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հանգամանքները քննող դատավարության ավարտը: Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններն ընդհանրապես հավատ չեն ներշնչում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին. «Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ինքը պատրաստ է ՀԱԿ-ի ցանկացած ներկայացուցչի հետ բանավիճել, բայց դուք բոլորդ տեղյակ եք, որ ուղիղ եթերում հրաժարվեց բանավեճից եւ դա իր կենսագրության մի դրվագը չէ, այնպես որ չեմ կարծում, որ դա այնքան կարեւոր թեմա է, որ այսքան շատ պետք է քննարկենք»,-ասաց նա։ Ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի, նրա թիմակից, ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ գործընկերոջ որոշումները միշտ դրդված են եղել ողջախոհության սկզբունքներից. «Շատ լավ եմ ճանաչում Ռուբեն Հայրապետյանին եւ շատ բարձր կարծիքի եմ նրա բարձր մարդկային տեսակի մասին` արժանապատվության իմաստով, եւ եթե նա որոշել է դատարանի որոշումից հետո վերաբերմունքը դրսեւորի, ուրեմն դրա համար հիմքերը նա ունի»,-ասաց նա։