Իրաքյան պատվիրակությունը Երևանում է (видео)
Поддержи А1+!Հայաստանը եւ Իրաքը մի շարք ոլորտներում համագործակցության նոր եզրեր են գտել։ Այս առիթով մեր երկիր է ժամանել Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի ղեկավարած պատվիրակությունը, որին ընդունել է տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: «Սա կօգնի մեզ զարգացնելու հարաբերությունները տնտեսական, առեւտրային, գյուղական, մշակութային, ներդրումների եւ այլ բնագավառներում»,-ասաց Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսը։ Իրաքի պատվիրակության կազմում էին ւ տարբեր նախարարներ, ովքեր այս այցի ընթացքում հայ գործընկերների հետ կհստակեցնեն իրենց հետագա քայլերը: Իրաքի հետ համագործակցության մասին խոսելուց հետո՝ ՀՀ փոխվարչապետ, Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ սեպտեմբերի 9-ին եւ 23-ին մեր երկրում նախատեսված ՏԻՄ ընտրություններին: «Անցնելու են շատ բարձր մակարդակով. երեկ մենք մարզպետների հետ հանդիպման ժամանակ այս հարցին անդրադարձանք»,- ասաց պարոն Գեւորգյանըլ Ընտրություններ են նախատեսված հանրապետության 750 համայնքներում, որոնց խնդիրներն, ըստ պարոն Գեւրգյանի, մեկ ընտրությունով չեն վերանա: Պարոն Գեւորգյանն այսօր անդրադարձավ նաեւ Ախթալայի քաղաքապետի եղբորը կալանավորելու փաստին եւ խորհուրդ տվեց այն չկապել ընտրությունների հետ եւ չքաղաքականացնել։ «Այն, ինչ տեղի է ունեցել, դա ոստիկանության եւ իրավապահ մարմինների քննության առարկա է դարձել, եւ ես կարծում եմ, որ դրանք չեն առնչվելու ընտրությունների որակին եւ ընթացքին»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են քաղաքապետի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև վնասել են նշված շենքի բակում կայանված քաղաքապետի«Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Կարեն Խաչիկյանը գալով տուն, իմացել էր կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էին Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել էին նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին: