Արցախի նկարիչները Երևանում (видео)
Поддержи А1+!Արցախի նկարիչներն այսօր Երեանում էին՝ իրենց աշխատանքներով՝ ապացուցելու համար որ Արցախը կայացած պետություն է եւ զարգանում է: «Քանի գնում և՛ ավելի ենք կատարելագործվում, և՛ բարեկամությունն է շատանում, և՛ նկարիչներն են իրար ճանաչում են։ Սա մեզ համար մասնագիտորեն է լավ. վերջապես պետք է մեր արածը ցույց տանք»,- ասում է Արցախի նկարիչների միության նախագահ Լենոր Զաքարյանը։ Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում ներկայացված են Արցախի 19 նկարիչների շուրժ 100 գործեր։ Արցախի նկարիչների միության նախագահը այսօր ցավում է միայն այն բանի համար, որ դեռ հնարավորություն չի եղել իրենց արվեսը ներկայացնել միջազգային հանրությանը։ «Դա մեծ ֆինանսների հետ է կապված։ Մենք բազմիցս դիմել ենք Կառավարությանը, որ մեզ գոնե մի անգամ հանեն արտասահման, բայց այդ բանը դեռ չի կատարվում»,- ասաց Լենոր Զաքարյանը։ Նկարիչ Հովիկ Գասպարյանը թեև անձամբ չի մասնակցել միջազգային ցուցահանդեսների, սակայն նրա աշխատանքներից մի քանիսը ներկայացված են եղել արտերկրում: Նույնիսկ կատակում է՝ նկարներն իրենից շատ են աշխարհ տեսել։ «Իրենք ավելի շատ երկրներում են եղել, քան ես։ Ես սկսել եմ մեկ-մեկ նախանձել իրենց»,- ասում է նկարիչը։ Հովիկ Գասպարյանը նկարչությամբ զբաղվում է մանկուց: Ասում է՝ երբեք չի կարող հրաժարվել իր արվեստից։ «Կնոջդ կարող ես դավաճանել, բայց նկարչությանը չես կարող։ Այնքան նուրբ է, որ եթե նեղացնես, էնպես երես կթեքի, որ տուն-տեղդ էլ մոռանաս»,- ասում է նկարիչ Հովիկ Գասպարյանը։ Արցախցի նկարիչների համար ոգեշնչման լավագույն աղբյուրը հայրենի բնությունն է։ Նույնիսկ հարց են տալիս՝ ինչպես կարելի է Արցախի հրաշալի բնությունը թողած՝ ոգեշնչման այլ աղբյուր փնտրել։ «Ես արվեստանոցում շատ դժվար եմ աշխատում։ Որովհետև երբ արվեստանոցում եմ աշխատում, ամբողջ գործը համարյա փչացնում եմ։ Ես բնության մեջ պետք է նկարեմ, որ զգամ այդ գույները»,- ասաց Լենոր Զաքարյանը։ Արցախցի նկարիչներն իրենց աշխատանքները Երեւանում կներկայացնեն մինչեւ սեպտեմբերի 20-ը։