Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Սպանում են Մարտի 1-ի գործը (видео)

Արմատական ընդդիմությունն ու իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի 10 զոհերի հետաքննությունը,-համոզված են զոհերի հարազատները Վաչագան Ֆարմանյանը, ով մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրն է, խոստովանում է, որ այլեւս ոչ մեկի հետ հույսեր չի կապում, որ կբացահայտեն սպանությունը, նույնիսկ իշխանության փոփոխությունը նրան չի ոգեւորում։ «Անհույս ապրում ենք, էլի, մի տեղ չկա, էլի, որ ասենք, հեսա էսի, որ նստավ լավ ա լինելու»,- «Ա1+»-ին ասաց նա։ Վաչագան Ֆարմանյանը կմխիթարվեր, եթե իշխանության կամ ընդդիմության մեջ լինեին մարդիկ, որոնք կիմանային որդու գերեզմանի տեղը, կայցելեին, կմխիթարեին։ Մխիթարվելու կարիք է զգում նաեւ ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննան։ «Իմ երեխու գործը ոչ մեկը ոչ բացում ա, ոչ կարդում ա, ոնց պարոն Վահագն Հարությունյանը փակել ա, դրել ա արխիվում, ըտենց էլ էդ գործը արխիվում մնացել ա»,- նշում է նա։ Որդու սպանության բացահայտման վերջին հույսերը մոխրացրել է տիկին Ռուզաննայի ամուսինը՝ երկու կաթվածից հետո մահանալուց առաջ։ Նա ասել է՝ խնայիր նյարդերդ, Ռոզա, քեզ ոչ ոք երբեք ոչինչ չի ասելու. «Բայց անորոշությունն ինձի սպանում ա, ես էս չորս պատերի մեջ մտածում եմ՝ ինչի՞ համար»։ Տիկին Ռուզաննան արդեն մեկ տարի ապրում է մենակ, մեծ տղան Ռուսաստանում է, աղջիկն՝ ամուսնացած։ Ամենից շատ երազում է խոսել երեք հոգու հետ. «Ամենաշատը կուզեի Ռոբերտ Քոչարյանին հանդիպել, , Սերժ Սարգսյանին կուզեի հանդիպել, ասել, Լեւոնին կուզեի, երեքին էլ կուզեի, երեքին տեսնեի, ասեի՝ ինչի՞ զոհվեց իմ որդին»։ Հատուկ քննչական ծառայությունը որեւէ կերպ չարձագանքեց մեր հարցմանը, թե ինչ նորություններ կան զոհերի սպանությունների բացահայտման մասին։