Հայաստանը պաշտպանված չէ կիբերհանցագործություններից (видео)
Поддержи А1+!Հայաստանը եւս ապահովագրված չէ բարձր տեխնոլոգիաների միջոցով իրականացվող կիբերհանցագործություններից։ «Այսօր կիբերհանցագործությունները բաժանվում են 2 տիպի։ Մի մասը կատարվում է համակարգչային տեղեկատվական անվտանգության դեմ, իսկ մյուս մասը կատարվում է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ»,- ասաց Ոստիկանության Բարձր տեխնոլորգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների բաժնի պետ Սամվել Հովսեփյանը։ Նրա հավաստմամբ՝ այս ոլորտը կարգավորող հիմնական գործիքը Կիբերհանցագործությունների մասին կոնվենցիան է։ Ոստիկանությունն արձանագրել է՝ այս հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ զգլիորեն աճել է: «Եթե անցյալ տարի ամբողջ տարվա ընթացքում մեր բաժնի կողմից գրանցվել էր 20 դեպք, ապա այս տարի 9 ամսվա ընթացքում արդեն ունենք 37 դեպք»,- ասաց նա։ Այս հանացտեսակի աճը մասնագետը բացատրում է այն հանգամանքով, որ թվային տեխնոլոգիաները ներթափանցել են տնտեսության բոլոր բնագավառները. «Այսօր շատացել են բանկային գործարքները, ուսանողներն ամենուրեք օգտագործում են պլաստիկ քարտեր, ինտերնետը շփման հիմնական միջոց է, և բիզնես ոլորտում նույնպես ինտերնետը օգտագործվում է որպես կապի հիմնական միջոց»։ Եթե նախորդ տարիներին հայաստանյան իրականության մեջ կիբերհանցագործություններն իրականանում էին odnoklassniki.ru սոցիալական ցանցի միջոցով, և սահմանափակվում էին գաղտնաբառերի գողությամբ և պոռնկագրական նյութերի տարածմամբ, ապա այս տարի այն ընդլայնել է իր սահմանները։ «Հանցագործություններն այսօր տեղափոխվում են վիրտուալ ոլորտ և սպասվելու է աճ։ Այս տարի արդեն ունենք հափշտակություններ, հիմնականում օգտագործվում են սոցիալական ցանցերը։ Ունենք նաև շորթման և , խարդախության դեպքեր»,- ասաց Սամվել Հովսեփյանը: Մասնագետը զգուշացնում է՝ կիբեռհանցագործությունների զոհ կարող են դառնալ հասարակության բոլոր շերտերը։