Կառավարությունը չբարձրացրեց աշխատավարձերը (видео)
Поддержи А1+!Կառավարությունն այսօր մերժեց նվազագույն աշխատավարձը 32 հազար դրամից 72 հազար դարձնելու Հրանտ Բագրատյանի առաջարկը առանց վերջինիս փաստարկները լսելու։ Կոնգրեսական պատգամավորի կարծիքով իր առաջարկը մերժեցին, որովհետեւ կառավարության բոլոր անդամները գործատու են, իրենց գրպանից են փողը տալու. «Դրանցից ամեն մեկը օբյեկտներ ունի, բիզնեսներ ունի»: Հրանտ Բագրատյանը որոշ կասկածներ ուներ, որ չեն մերժի, այլ կգտնեն տարբերակներ ցույց տալու, որ իրենք էլ էին ուզում բարձրացնել: Սակայն, ըստ նրան մերժել են, որովհետեւ կանխատեսել են, որ Բագրատյանը նվազագույն աշխատավարձով չի բավարարվելու. «Լավ հասկանում ա, որ եթե սա ընդունվեց 72 հազար, Բագրատյանը բերելու ա նոր առաջարկ, միջին կենսաթոշակը 75 հազար դրամ»։ Կոնգրեսական պատգամավորը համոզված է, որ կառավարությունը փող ունի աշխատավարձ բարձրացնելու։ Նույնիսկ եթե ըստ նրա, փողի կարիք կա, ասենք, 20 միլիարդ դրամ, թող օլիգարխները կիսվեն իրենց շահույթներով. «Միլիարդը փող չի, համեմատած նրան, եթե մի օլիգարխ միայն տարվա ընթացքում ցույց է տալիս շահույթ 200 միլիոն դոլար»: Ի դեպ, այն հարցին, թե վարչապետ կաշխատի՞ Սերժ Սարգսյանի կառավարությունում, Հրանտ Բագրատյանը հնարավոր համարեց մի պայմանով, որ օլիգարխներն իրենց փողը կիսեն ժողովրդի հետ։ «Բայց դա պայքար ա բերելու, դա բերելու ա կրակոցներ, խոշոր տղաները հենց էնպես չեն զիջելու, օլիգարխներն իրենց դիրքերը»,-ասաց նա։