Պրովոկացիա` ուղղված մահմեդականության դեմ (видео)
Поддержи А1+!«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, որը ցնցեց արաբական ողջ աշխարհը, պարզապես պրովոկացիա էր` ուղղված մահմեդականության դեմ: Համոզված է իսլամագետ Սարգիս Գրիգորյանը: «Ֆիլմը Մուհամեդ մարգարեի մասին է,և ինչպես գիտեք մահմեդական աշխարհում, որևէ նյութ, որը ուղղված է Մուհամեդ մարգարեի դեմ, միանգամից հարվածում է մահմեդականի զգացմունքներին»,- ասում է Սարգիս Գրիգորյանը: Այսօր ԱՄՆ դեմ ուղղված մահմեդականների ցույցերի հետեւում իսլամագետը տեսնում է Ալ- Քաիդային: Նման ենթադրության համար Սարգիս Գրիգորյանին հիմք է տալիս սեպտեմբերի 11-ի Ալ-Քաիդայի հայտարարությունը, որտեղ նշվում է,թե ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումները վրեժ են Միացյալ Նահանգների կողմից օրեր առաջ իրենց առաջնորդներից մեկի սպանության համար: «Պատահական չէ, որ ԱՄՆ դեսպանատների դեմ ուղղված բռնարարքների ժամանակ բարձրացվում է Ալ-Քաիդայի սև դրոշը»,- ասում է իսլամագետը: Արաբական աշխարհում տեղի ունեցող այս ցնցումները մտահոգում են իսլամագետին: Նրա կարծիքով՝ բողոքի ցույցերից չի կարող խուսափել նաեւ Սիրիան, որտեղ առանց այն էլ պատերազմական իրավիճակ է, իսկ տեղի հայկական համայնքի ճակատագիրը վտանգված է: «Միակ վտանգը ակտիվացող արմատական տրամադրություններն են նաև այս ֆիլմի հետ կապված: Սա միանշանակ բավականին վտանգավոր երևույթ է, մանավանդ, որ Սիրիայում մեծ թվով այդ արմատական խմբավորումներն են գործում Ալ- Քաիդայի հովանավորության ներքո գործող»,- ասաց Սարգիս Գրիգորյանը: Միաժամանակ իսլամագետը չի կարծում, թե Արաբական աշխարհում տիրող իրավիճակը և մահմեդականների բարձրացրած բողոքի ալիքը իր անմիջական ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Ըստ նրա ՝ միայն ավելի կընդգծվեն այն խնդիրները, որոնք Հայաստանն ունի իր մահմեդական հարևանների հետ: «Այն վտանգները, որոնք կային մինչ այս Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, ավելի զգացնել է տվել»,- ասաց իսլամագետը: Ի դեպ, Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ արաբական երկրների հայկական համայնքներին այսօր վտանգ է սպառնում. «Միակ խորդուրդը, որ ես տալիս եմ, չեզոքություն պահպանելն է»: