«Եթե ունեմ իրանց լինի» (видео)
Поддержи А1+!ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը Ամերիկայում չունի այնպիսի սեփականություն, որով կարողանա վճարել Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի պարտավորեցրած 37,5 միլիոն դոլարի տույժը «Եթե ունեմ իրանց լինի»,-ասաց նա։ Այնուամենայնիվ, դատավճռի կատարողականում գրված է, որ ամերիկյան Մարշալի շրջանում Վարդան Այվազյանին պատկանող անասունները պետք է բռնագանձվեն հոգուտ Դինո Գոլդ Մայնինգի. «Ունեցած անասունները եւ անշարժ գույքը... երեւի... տամ իրանց... մի երկու հատ կան»։ Առաջին անգամ համացանցից է բնապահպանության նախկին նախարարն իմացել, որ պետք է զրկվի 37,5 միլիոն դոլարից հոգուտ ամերիկյան կազմակերպության, իսկ համացանցում առաջինը տեղի ունեցածի մասին գրել է «Հետք» էլեկտրոնային կայքը. «Պարոն Բաղդասարյանի որդին աշխատում է Գլոբալ Գոլդում, շատ է շահագրգռված»։ «Իմ որդին աշխատում է այդ ընկերությունում, բնապահպանական հաշվետվություններ է գրում»,- ասում է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Նա չի հասկանում, թե իր որդին ինչ կապ ունի այն 37,5 միլիոն դոլարի հետ, որ պետք է վճարի Վարդան Այվազյանը. « Էդ վճիռը ես չեմ կայացրել, դա կայացրել է դատարանը»։ «Հետքի» խմբագիրը նկատում է, որ հանքարդյունաբերության խնդիրներով ինքը զբաղվում է 2000 թվականից, երբ որդին 13 տարեկան էր։ Նախարար դառնալուց հետո, ըստ նրա, Վարդան Այվազյանը Հայաստանում 14 հանք է սեփականացրել ընտանիքի անդամների եւ ընկերների անուններով «Պատգամավոր դառնալուց հետո նա զբաղված ա դրանց վաճառքով, վերջին հայտնի գործարքը չինացիներին երեք հանքավայրեր վաճառելն է Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի հանքավայրն է, որը նա վաճառեց 24 միլիոն դոլարով կանխիկ»,- հայտնեց նա։ Այսօր պարոն Բաղդասարյանը հանրապետական պատգամավորին կոչ է անում մաքրել իր ապօրինությունները, ինքը դեռ ոչինչ չի ասում Վարդան Այվազյանի որդու մասին։