Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Արդյո՞ք ունենք այն, ինչ երազում էինք (видео)

21 տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտության շնորհիվ Հայաստանն անկախացավ: 2 տասնամյակ առաջ, անկախության համար իրենց քվեն տված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գրում էին պատմություն՝ գիտակցված կամ ոչ այնքան, նրանք կերտում էին իրենց զավակների ապագան, այսօրվա ու վաղվա Հայաստանը: «Այսօր այն պահն է, որ յուրաքանչյուր հայ պատասխանատու է ոչ թե մեկ այլ հայի առջեւ, այլ իր խղճի առջեւ, եւ ես կարծում եմ, որ իրենց խղճի առջեւ մարդիկ մաքուր կգտնվեն»,-քվեախցից դուրս գալուց հետո տեղական ու միջազգային լրատվամիջոցների հարցին պատասխանելով՝ ասաց Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա վստահ էր, որ հանրաքվեի արդյունքը անշրջելի անկախություն է բերելու մեր ժողովրդին: Այդպես էլ եղավ. ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Իսկ սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ: 21 տարի առաջ այս օրը իսկական տոն էր հայ ժողովրդի համար: Հանրապետության հրապարակում թեւածում էր երգն ու պարը: Ու պարում էին սովորական մարդիկ, ընտրողները, որոնք կատարել էին, իրենց կարծիքով, իրենց կյանքում ամենակարեւոր ու իմաստավորված ընտրությունը:: Անկախությունից, իհարկե, սպասելիքները շատ էին, որոնք մասամբ չարդարացան. սոցիալ-տնտեսական խնդիրները, անարդարությունն ու անհավասարությունը, կոռուպցիան ու սեփական քվեի անզորությունը, անկախ Հայաստանի քաղաքացու համար ստվերեցին այդ վեհ գաղափարը: Այսօր, 21 տարի անց, ցավոք չկա 91-ի խանդավառությունը, չկա տոնական այն ջերմ մթնոլորտը, որ երկու տասնամյակ առաջ համախմբում էր մարդկանց: Տոնն այսօր վերածվել է արարողակարգային միջոցառման: Արդյոք այսօր անում ենք ամեն ինչ, պահպանելու մեր երկրի անկախությունը։ Արդյոք 21 տարի առաջ քվեախցից ոգեւորությամբ դուրս եկող ընտրողը հենց այսօրվա անկախությունն էր երազում, արդյոք անկախությունից ստացանք այն, ինչ ակնկալում էինք: Բայց փաստ է, որ ունենք պետություն, ունենք բանակ, որն ի զորու է պաշտպանել մեր հայրենիքը եւ վստահաբար ունենք կամք` ամրապնդելու եւ հզորացնելու մեր պետականությունը: Շնորհավոր տոնդ, Հայաստան։