«Գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա» (видео)
Поддержи А1+!ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծում է. «Ազգովի ամբողջ մեր ժողովուրդը պետք է պահանջի գլխավոր դատախազի հրաժարականը, այլ ելք չկա»։ Վարդան Օսկանյանի փաստաբանն ասում է, որ երեկվա դատախազի ելույթից հետո ինքն այլեւս իրավական հակափաստարկ չունի Աղվան Հովսեփյանին հասկացնելու համար, որ Օսկանյանը Սիվիլիթասից գումար չի յուրացրել, այլ միայն ավելացրել է։ «Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբանը նույնպես Վարդան Օսկանյանին ուղղված մեղադրանքներում տրամաբանության հատիկ չի տեսնում, հետեւաբար գլխավոր դատախազի հրաժարականը նրան էլ չէր խանգարի. «Գլխավոր դատախազը պիտի հրաժարական տա, որովհետեւ դա խայտառակություն է»։ Արթուր Գրիգորյանին հիշեցրեցինք, որ երեկ գլխավոր դատախազը հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքով ինքը «Սիվիլիթաս» հիմնադրամը պաշտպանում է Վարդան Օսկանյանից։ «Գլխավոր դատախազը շահերի պաշտպանության պատրվակով ընդամենը հետապնդում է իրականացնում պարոն Օսկանյանի նկատմամբ»,- ասաց նա։ Բոլորովին պատահաբար այս օրերին Հայաստանում է միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նիքոլաս Քույումջյանը։ Նույնքան պատահաբար նա իմացել է Օսկանյանի գործի մասին։ Արդեն գիտի, որ նախկին արտգործնախարարը հետապնդվում է որպես ընդդիմադիր. «Զուգադիպություն չէ, որ մայիսի 24-ին Բարգավաճ Հայաստանը հայտարարեց կոալիցիային չմասնակցելու մասին եւ հենց հաջորդ օրը ասպարեզ եկավ Օսկանյանին ուղղված քրեական մեղադրանքը»։ Այնուամենայնիվ, պարոն Քույումջյանը չի կարող դատախազի հրաժարական պահանջել, խուսափում է գործը համարել քաղաքական, սակայն կոչ է անում ուշադիր լինել՝ որեւէ ապացույց չկա ընդդեմ Վարդան Օսկանյանի։