Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Սիրիահայության մասին (видео)

Սփյուռքի հայկական լրատմավիջողները խնդիր ունեն Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում։ Լիբանանի «Սևան» ռադիոկայանի տնօրեն Վերա Սիսերյանը ասում է՝ դժվար է միաժամանակ ներկայացնել այն, ինչ կատարվում է Հայաստանում և այնպես անել, որ հիասթափությունը մեծ չլինի։ «Սակայն նաև մտահոգություն կա, որ հանրային կարծիքը չհեռացնենք Հայաստանից»,- այսօր հայաստանցի լրագրողներին ասաց Վերա Սիսերյանը։ Այնուամենայնիվ սփյուռքի հայկական մամուլում լայնորեն լուսաբանվել են ինչպես Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած միջադեպը, այնպես էլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն ու «Սիվիլիթաս» հիմնադրամին փողերի լվացման մեջ մեղադրանքը։ «Ինչպես Հարսնաքարի դեպքի վերաբերյալ, այնպես էլ Օսկանյանի դեպքում արագ և ադեկվատ արձագանքներ են եղել։ Հնարավոր է, նույնիսկ, որ այստեղ Օսկանյանի՝ սփյուռքահայ լինելու փաստն է գործել»,- ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը։ Թեև սփյուռքահայ մամուլում արծարծվում են հայաստանյան ներքաղաքական խնդիրները, սակայն Սփյուռքում գործող հայկական մամուլի հիմնական խնդիրը տարածաշրջանային խնդիրներից տեղի հայկական համայնքներին զերծ պահելն է։ «Թուրքիայի ծրագրերից մեկն այն է, որ Սիրիայում առաջացած ցնցումի արդյունքում այնպես անել, որ հալեպահայ գաղութը արտագաղթի։ Արդյունքում թուրքերը մի մտահոգությունից ձերբազատված կլինեն»,- ասում է Լիբանանի «Խոսնակ» ամսագրի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը։ Նրա կարծիքով՝ Թուրքիան իր այս քաղաքականությամբ նախապատրաստվում է 2015թ.-ին., երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100 տարին։ Մերձավոր Արևելքի հայկական լրատվամիջոցների ղեկավարները ասում են՝ Սիրիայում տիրող իրավիճակը ցնցել է արաբական երկրների բոլոր հայկական համայնքներին։ «Հարցը մեր պատկերացրածից շատ ավելի խոշոր է։ Սա հսկաների պատերազմ է, որտեղ Սիրիան կռվախնձոր է։ Տպավորություն կա, որ նոր միջինարևելյան քարտեզ են ուզում պատրաստել, ուր սահմանները մասնատվելու են։ Այս ամենի մեջ մեր վիճակը շատ ծանր է»,- ասում է Համբիկ Մարտիրոսյանը։ Նշենք, որ սփյուռքի հայկական թերթերի խմբագիրները Հայաստանում են հոտկերմբերի 4-6 տեղի ունեցած լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովի նպատակը Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ հանրային կարծիքի ձևավորման հարցում զանգվածային լրատվամիջոցների դերակատարումն էր։