Հիշեցրեցին քաղաքապետին (видео)
Поддержи А1+!«Երեւանը նաև ի՛մ քաղաքն է»՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու երեխաներն այսօր սա էին փորձում հիշեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Հայաստանում ապրող ավելի քան 180 հազար հաշմանդամները հնարավորություն չունեն քաղաքում ազատ տեղաշարժվելու։ Արտակ Համբարձումյանը, ով տեղաշարժման խնդիր ունի, ասում է, որ այսօր հաշմանդամները փակված են տներում, որովհետև հասարակական տրանսպորտից օգտվել բացարձակապես չեն կարող։ «Ով հնարավորություն ունի, տաքսիով է տեղաշարժվում։ Քաղաքը 99 տոկոսով հարմարեցված չէ։ Անցումների և գետնանցումների մոտ փոքր թեքահարթակներ լինեն և ամենակարևորը՝ տրանսպորտը հարմարեցված լինի՝ ուրիշ ոչինչ չենք ուզում»,- ասում է Արտակը։ Հաշմանդամ երեխաները, երիտասարդներն ու նրանց ընկերները քայլերթով շարժվեցին դեպի քաղաքապետարան՝ իրենց պահանջը ևս մեկ անգամ քաղաքապետին հայտնելու։ Տարոն Մարգարյանին ուղված նամակում գրված է. «Պարոն քաղաքապետ, Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել, թե ուր են մեր քաղաքի հաշմանդամություն ունեցող բնակիչները, ինչու՞ նրանց չեք հանդիպում այն վայրերում, ուր մյուսներին կարելի է տեսնել...»։ Քաղաքապետին ուղղած հարցի պատասխանը հաշմանդամներն իրենք շատ լավ գիտեն։ «Մեր նամակում մենք որևէ նոր բան չենք ասում։ Պարզապես Էրեբունի-Երեւան տոնին ընդառաջ ևս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ Երեւանը նաև մեր քաղաքն է»,- ասում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպան Զարուհի Բաթոյանը։ Նրանք այսօր քաղաքապետից պահանջում են՝ մայրաքաղաքի զարգացմանը նպաստող բոլոր ծրագրերում հաշվի առնել նաև հաշմանդամների խնդիրները։ «Մենք այս հարցը շատ անգամ ենք բարձրացրել, հանդիպել ենք տարբեր քաղաքապետերին։ Բոլորը շատ լավ տեղյակ են խնդրին, բայց այսօր եւս մեկ անգամ հիշեցնում ենք»,- ասում է Զարուհին։ Չնայած քաղաքապետարանից նրանց վերեւ հրավիրեցին, սակայն չբարձրացան։ Քաղաքապետարանի շենքի ձախ կողմում, որտեղ հավաքված էին նրանք, չկային թեքահարթակներ վերեւ բարձրանալու։ Քաղաքապետարնի առջև երկար սպասելուց հետո՝ նրանք իրենց նամակը հանձնել քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին։