Ենթադրյալ հրդեհ «Արմենիա Մարիոթ»-ում (видео)
Поддержи А1+!ԱԻՆ փրկարար ստորաբաժանումներն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի անձնակազմի հետ միասին հրշեջ-փրկարարական ուսումնական վարժանք էին անցկացնում: Ըստ ուսումնավարժանքի մտահղացման՝ հյուրանոցի 6-րդ հարկում տեղի է ունեցել հրդեհ, որի արդյունքում կային տուժածներ: Այրվածք ստացած տուժածներին փրկարարները հրդեհի վայրից հեռացրեցին ավտոսանդուղքների միջոցով եւ հանձնեցին շտապօգնությանը, ողնաշարի վնասվածքով եւ այրվածքներով մեկ տուժածի պատգարակի միջոցով իջեցրեցին ներքեւ; Շենքի մի հատվածում պարանների օգնությամբ վեցերորդ հարկ մագլցած հրշեջները` հետախուզելով տարածքը, տուժածներ չհայտնաբերեցին եւ նույն ճանապարհով անմիջապես ցած իջան` փրկելով իրենք իրենց: «Վարժանքի նպատակն էր ուսուցանել հյուրանոցի աշխատակիցներին հրդեհի դեպքում ճիշտ գործողությունների, ինչպես նաեւ` համաժամանակեցնել եւ հստակեցնել հրշեջների, փրկարարների եւ շատապօգնության աշխատանքները հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, երբ կան տուժածներ», - լրագրողներին ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Պավել Գյոզալյանը: Գործողության մեկնարկից կես ժամ անց հրշեջ-փրկարարական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին՝ բոլորը փրկվեցին: «Կարելի է ասել, որ վարժանքը ծառայեց իր նպատակին եւ փրկարարական աշխատանքները եւ հրդեհաշիջման աշխատանքները ավարտվեցին հաջողությամբ», - ասաց Պավել Գյոզալյանը: