Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վ.Օսկանյան.Իրավական կողմը անհեթեթություն է (видео)

Իշխանությունները չեն կարող լռեցնել «Սիվիլիթասին» իրենց քրեական հետապնդումներով,- ասում է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը։ Նա առանձնապես գլխի չի ընկնում, թե ինչ են ուզում իշխանություններն իր ղեկավարած կազմակերպությունից։ Ցավն այն է, որ իշխանությունները չեն էլ ակնարկում իրենց ուզածը. «Չեմ հասկընար, թե վերջնախաղն ինչ է»։ Երեկ Ազգային անվտանգության երկու աշխատակից մտել է «Սիվիլիթաս» եւ տարել գործին առնչվող փաստաթղթեր Ըստ Սալբի Ղազարյանի՝ այնտեղ կային 4 փաստաթուղթ, որոնք ԱԱԾ-ում արդեն ունեին։ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը հստակեցնում է, թե ինչ են անում իշխանությունները եւ ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդում ոչ միայն իր անձի, այլեւ «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ։ Պարոն Օսկանյանը չի դադարում հարցնել՝ ի՞նչ գործ ունի դատախազությունը, Ազգային Ժողովը եւ ԱԱԾ-ն Հանսթմանի փողերի հետ։ «Ոչ պետական փողեր են, ոչ բյուջեի, ոչ ժողովրդի փողերն են, ընդհակառակը այս գումարները, որ «Սիվիլիթաս» մտել են, բյուջեն են մտնում»,- ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Վարդան Օսկանյանը տեղեկացնում է, որ սոցվճարումների մասով «Սիվիլիթասը» 330-րդ տեղում է։ Հետեւաբար իշխանությանը ոչ թե «Սիվիլիթասի» փողերն են հետաքրքրում, այլ իր քաղաքական գործունեությունը «Այնպես որ այստեղ այս գործընթացի իրավական կողմը անհեթեթություն է»,- «Ա1+»-ին ասաց նա։ Պատգամավորն իշխանությանը խորհուրդ է տալիս ժողովրդով զբաղվել՝ մարդիկ փախչում են երկրից։ Նա հիշեցնում է, որ մոտենում են նախագահի ընտրությունները։ Ի դեպ, իր առաջադրվելու մասին դեռ չի ուզում խոսել։ Բոլոր դեպքերում, կարծում է, որ քաղաքական դաշտում թափոններ կան, որոնցից պետք է ազատվել։