«Գնահատողների 1/3 դրական է գնահատել առաջին նախագահին» (видео)
Поддержи А1+!Եթե Գագիկ Ծառուկյանը առաջադրվի նախագահական ընտրություններին, կպայքարի ոչ թե իշխանության, այլ ընդիմության մեկ այլ թեկնածուի դեմ, քանի որ իշխանական դաշտի ընտրողներն արդեն կողմնորոշված են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Ծառուկյանին ընտրողների մեծ մասը կանայք են՝ միջնակարգ կրթություն ունեցողներ և մասնավոր սեկտորում աշխատող մարզային ընտրողներ, ում մոտ Ծառուկյանը բարի մարդու համբավ ունի և լավ խոստումներ է տալիս»,- ասաց սոցիոլոգը։ Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուներից ամենամեծ հակակրանքը կա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ. «Գնահատողների միայն 1/3 է դրական գնահատել առաջին նախագահին» ։ Ըստ նրա՝ հիմնականում բացասական գնահատական են ստանում նախկին նախագահները, իսկ նրանք, ովքեր դեռ չեն եղել նախագահ՝ հակակրանքը նրանց հանդեպ փոքր է. «Ռոբերտ Քոչարյանն ունի 30% հակակրանք և 70%` համակրանք, Սերժ Սարգսյանը 20% բացասական և 80% դրական վերաբերմունք: Իսկ Գագիկ Ծառուկյանին տվել են 90% դրական գնահատական»,- ասաց սոցիոլոգը։ Ահարոն Ադիբեկյանը վստահեցնում է՝ իրենք անաչառ են աշխատում։ Սոցիոլոգը ասում է, որ վատ համբավ ունեցող գործարարներն, ովքեր ուզում են մտնել քաղաքականության դաշտ, իզուր գումար են վատնում։