Ծովակը «շրջափակված» է (видео)
Поддержи А1+!Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղում հայտնաբերվել է սիբիրյան խոցով կենդանու վարակվածության 2 դեպք։ Երեկ երեկոյան ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ մի դեպքում վարակը կենդանու կաշվի մեջ է, մյուս դեպքում՝ մսեղիքի։ «Հետազոտությունները շարունակվում են։ Չի բացառվում, որ ունենանք նոր դեպքեր։ Հիմա պարզում ենք, թե այդ կաշին և մսեղիքը պատկանում է մի կենդանու, որից վարակվել է մարդը, թե՞ մի երրորդ կենդանու»,- այսօր լրագրողներին ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։ Սիբիրախտը վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են կենդանիները և մարդիկ։ Մարդիկ վարակվում են հիվանդ կենդանիների հետ ուղղակի շփման արդյունքում։ Անասնաբուժական տեսչության պետը նշեց, որ այն մարդը, ով իրականացրել է հիվանդ կենդանու մորթ, անմիջապես վարակվել է այդ հիվանդությամբ Հոկտեմբերի 15-ին, երբ ստացվել է ահազանգը, Սննդամթերքի անվտանգության ծառայությունը Ծովակ գյուղում իրականացրել է ախտահանում։ Գյուղի բոլոր տներից հայտնաբերվել է վերջին 2 ամսվա ընթացքում մորթված կենդանիների կաշին և մսեղիքը և անմիջապես այրվել։ «Գյուղում խոչընդոտներ ենք ունեցել։ Գյուղացիները ուղղակի չէին ուզում հուշել, թե որտեղ կարող են լինել այդ մսեղիքի մնացորդները»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը։ Ծովակ և հարակից գյուղերում կենդանիներին կրկնակի պատվաստման աշխատանքներ են իրականացվել։ Աշխատանքներն արդեն ավարտվել են։ «Հոկտեմբերի 15-ից հետո որևէ հիվանդ կենդանի չունենք»,- ասաց Անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։ Հոկտեմբերի 15-ից վերահսկվում է Ծովակ գյուղից դուրս եկող բոլոր ճանապարհները։ «Մայրուղիների վրա երկու կողմից դրվել են շուրջօրյա պահակակետեր, որպեսզի բացառվի տվյալ համայնքից որևէ կենդանու, մսի, կամ կենդանական ծագման որևէ հումքի տեղափոխումը այլ համայնք կամ Երևան»,- ասաց պարոն Մկրտչյանը։ Սիբիրախտը հողային ինֆեկցիա է, և կարող է կենդանուն փոխանցվել հողի և ջրի միջոցով։ Հովհաննես Մկրտչյանը չի բացառում, որ կենդանին վարակվել է հողից։ «95 տոկոսով հնարավոր, է, որ հողից է վարակը տարածվել։ Այն կարող է 100 տարի մնալ հողի մեջ և արտահայտվի 90-րդ տարում։ Կարող է հողի, կերի հետ անցնել կենդանուն և վարակել»,- ասաց ՍԱՊԾ Անասնաբուժական տեսչության պետը։