Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Սիվիլիթաս»-ի աշխատակազմը երթով գնաց դատախազություն (видео)

Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջով այսօր ցույցի էր դուրս եկել Հիմնադրամի ողջ աշխատակազմը; «Նպատակն այն է, որ հասկացնենք, որ ժողովուրդը հիմար չի և հասկանում է, որ սա անիմաստ, անկապ բացված գործ է»,- ասաց «Սիվիլիթաս» հիմնադրանի աշխատակիցներից Արման Յարալյանը: «Սիվիլիթասի» և «Սիվիլնեթի» աշխատակիցներն ու հիմնադրամի համակիրները` բազմաթիվ պաստառներով, նկարներով և հիմնադրամի շապիկներով երթով շարժվեցին դեպի Հայաստանի գլխավոր դատախազություն` Աղվան Հովսեփյանին իրենց նամակ- պահանջագիրը հանձնելու: «Հույս ունենք, որ պարոն դատախազին հասցվում են այն ամենը, ինչ որ իրեն է ուղղված, որովհետև սա կոնկրետ մենք հասցեագրում ենք իրեն, ինչպես նաև օրինակներ կուղարկվեն նաև մյուս կառույցներին` Կառավարությանը, նախագահին և ԱԺ-ին»,- ասաց «Սիվիլիթասի» աշխատակից Սեդա Գրիգորյանը: Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը համոզված է, որ նախկին արտգործնախարարին քաղաքական հետապնդման են ենթարկում: Պատճառն, ըստ Թաթուլ Հակոբյանի, այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում նախագահական ընտրություններում ի դեմս Վարդան Օսկանյանի մրցակից տեսնել: «Սերժ Սարգսյանը, որը 2008-ին իմ կարծիքով եւս չի ընտրվել և լեգիտիմության լուրջ խնդիր ունի, փորձելու է այս ընտրություններով այնպիսի դաշտ ստեղծել իր համար, որտեղ լուրջ մրցակիցներ չեն լինի, և նա կկարողանա առանց «Մարտի 1» ստեղծելու նորից զբաղեցնել նախագահի պաշտոնը»,- ասաց Թաթուլ Հակոբյանը: Թեև գլխավոր դատախազը չդիմավորեց «Սիվիլիթասի» աշխատակազմին, ակցիայի մասնակիցներն իրենց պահանջագիրը և ստորագրահավաքի արդյունքները հանձնեցին դատախազությանը: 2 շաբաթվա ընթացքում հիմնադրամը հավաքել է 13057 ստորագրություն՝ հետապնդումները դադարեցնելու պահանջով։