«Շրջանակից այն կողմ» (видео)
Поддержи А1+!Այս լուսանկարներում պատկերված բոլոր մոդելներն հաշմանդամություն ունեն: «Շրջանակից այն կողմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը, որի պաշտոնական բացումն այսօր էր, նպատակ ունի կոտրել բոլոր կարծրատիպերը և ապացուցել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հաջողությամբ կարող են ներգրավվել ցանկացած ոլորտում: Նրանց միայն հնարավորություն պետք է տալ: «Երբ խոսքը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին է, միանգամից ի հայտ են գալիս կարծրատիպային արտահայտություններ` սահմանափակ կարողություններով մարդիկ, և միանգամից մտածում են խնդիրների, սայլակների, այլ ոչ թե նրանց ներուժի մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ունիսոն» ՀԿ տնօրեն Արմեն Ալավերդյանը: Լուսանկարներում պատկերված են հաշմանդամություն ունեցող 11 կանայք և աղջիկներ Երևանից և 7 մարզերից: Կապանցի Մերի Մեժլումյանը ֆոտոմոդելներից մեկն է: Արցախյան պատերազմի ժամանակ` 1993թ.-ին, ականի պայթյունի պատճառով զրկվել է իր 2 ձեռքերից: Այդ ժամանակ Մերին 8 տարեկան էր: Ասում է, որ նկարահանումների ժամանակ իր համար ոչ մի խնդիր չի առաջացել: Այսօր ցուցահանդեսին ներկայացված են նրա նկարներից ավելի քան 10-ը: « Քանի որ մի երազանքն է եղել մոդել դառնալը, ամեն ինչի հարմարվում եմ: Ինքնավստահությունս ավելի է մեծացել»,- ասում է Մերին: Ասում է` եթե այլ առաջարկներ ստանա, հաճույքով կհամաձայնվի: Այսօր Մերին ապրում ու աշխատում է Կապանում: «Անհաղթահարելի դժվարություններ չկան: 16 տարեկանից մինչև 24 տարեկանը ինձ համար դժվար էր; Դրանից հետո էլ դժվարություն չկա»,- խոստովանում է Մերին: Մոդելների հետ աշխատել են 5 լուսանկարիչներ, որոնցից մեկը Գարեգին Ղազարյանն է, ով հաշմանդամություն ունեցող մոդելների հետ աշխատելու փորձ արդեն ուներ: Լուսանկարչի խոսքերով` ոչ մի դժվարություն չի լինում նրանց հետ աշխատելիս: «Իրենց մտածելակերպով իրենք լրիվ ազատ են: Ոչ մի բարդույթ չունեն: Հաշմանդամությունը խանգարում է իրենց շարժվելուն, բայց ոչ մտածելուն: Իրենք նույն հեշտությամբ նկարվեցին, ինչ ցանկացած մարդ»,- ասում է լուսանկարիչ Գարեգին Ղազարյանը: Լուսանկարիչն ասում է, որ լուսանկարները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լրիվ առողջ են: «Ունիսոն» ՀԿ կողմից կազմակերպված «Շրջանակից այն կողմ» ֆոտոցուցահանդեսը կտևի 4 օր Մոսկվա կինոթատրոնում: