Սերժ Սարգսյանը անտեսեց բնակիչներին (видео)
Поддержи А1+!Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող ճանապարհին հավաքված մոտ քառասուն քաղաքացիներ այսօր վաղ առավոտից նրան էին սպասում՝ ասելու, որ նա իր խոսքի տերը չեղավ: «Ի՞նչ եք որոշել, հարգարժա՛ն նախագահ, դուք ինքներդ եք ասել ժամկետը՝ նոյեմբերի 1։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ է փոխվել»,- Սերժ Սարգսյանին հարցնում է Արամի փողոցի բնակչուհի Սոնա Մաղաքյանը։ Սեպտեմբերի 27-ին ՀՀԿ գրասենյակի մոտ Սերժ Սարգսյանը Արամի և Եկմալյան փողացների նախկին բնակիչներին խոստացել էր մինչեւ նոյեմբերի 1-ը լուծել նրանց խնդիրները: Այս մարդկանց 8 տարի առաջ պետական կարիքների անվան տակ դուրս էին հանել իրենց տներից՝ խոստանալով նույն վայրում կառուցվող բազմահարկերում համարժեք փոխհատուցում տալ: Ինչեւէ՝ մոտ մեկ ժամ սպասելուց հետո, Սերժ Սարգսյանն իր շարասյունով հայտնվեց, սակայն կանգ չառավ։ «Նա փախավ, չուզեց հանդիպել մեզ հետ, մեր նամակը վերցնել։ Արամի, Եկմալյանի ժողովուրդը արդեն 7 տարի փողոցում է մնացել»,- վրդովված ասում է Արամի փողոցի բնակչուհի։ Զայրացած բնակիչները երթով շարժվեցին Սերժ Սարգսյանի նստավայր, սակայն նրանց այստեղ արդեն սպասում էր ոստիկաններից կազմված շղթան։ Բնակիչները, դժվարությամբ ճեղքելով ոստիկաններից կազմված շղթան, փորձեցին մոտենալ նստավայրին։ Ի տարբերություն նախարոդ օրերին, այսօր բնակիչները նույնիսկ չկարողացան մոտենալ Սերժ Սարգսյանի նստավայրի դարպասներին: Ոստիկանները նրանց թույլ չտվեցին։ «Մենք ամբողջ ձմեռ՝ այդ ցրտին ու սառնամանիքին, եկել ենք այստեղ ցույցերի, ոչ ոք մեզ չի լսել։ Հույս ունենք, որ գոնե մինչև ընտրությունները մի բանի կհասնենք»,- ասաց Եկմալյան փողոցի բնակչուհի Անուշիկ Գրիգորյանը։ Վրդովված բնակիչներին զսպելու համար նրանց մոտեցավ նախագահականի նամակների բաժնի աշխատակիցը եւ վերցրեց բողոքի ակցիայի մասնակիցների գրավոր բողոքը՝ խոսատանալով այն փոխանցել հասցեատիրոջը։