Թռչկանն աղտոտված է (видео)
Поддержи А1+!Մեկ տարի առաջ մի խումբ բնապահպաններ Թռչկանի ջրվեժի վրա կանխեցին ՀԷԿ-ի կառուցումը: Նրանց շնորհիվ այսօր Թռչկանն արդեն անձնագիր ունի: «Անձնագիրը ֆիքսում է ջրվեժի տարածքը, ինչ կարելի է այդ տարածքում անել և ինչ չի կարելի»,-ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը: Անձնագարում ամրագրված է՝ Թռչկան ջրվեժի սեփականատերը և պահպանողը Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնքն է։ Փաստաթուղթը նաեւ արգելում է Ջրվեժի տարածքում հիդրոտեխնիկական, շինարարական աշխատանքները, չի թույլատրում խախտել բուսական և հողային ծածկույթը, աղտոտումը, ջրային ռեժիմը։ Անձնագիր ձեռք բերելուց հետո բնապահպաններն այցելել են Թռչկան, իրենց խոսքերով պատկերը հուսադրող չէ. «Մենակ մեր ուժերով մենք չենք ուզում շարունակել, անընդհատ աղբահանությամբ զբաղվել, մի քանի անգամ արդեն մաքրել ենք աղբից: Տեղական ինքնակառավարման մամինը, որի իրավասության տակ է Թռչկանի ջրվեժը, թող բարի լինի աղբահանությունը կազմակերպի, դրա համար մեծ գումար ու մեծ ջանք պետք չի»,-նշեց պարոն Գալստյանը: Թռչկան նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը աղբահանության գործում հայցում է նաև տեղի բնակիչների աջակցությունը` հիշեցնելով, որ տարածքն առաջին հերթին իրենց է պատկանում. «Այնտեղ խոզություն են անում մարդիկ, հիմա որ մտնում ես, ուղղակի չգիտես որ կողմ նայես, որ ուղղակի զզվանք չարտահայտես»: Այսօր վերհիշելով մեկ տարի առաջ իրենց մեկնարկած պայքարը, Գոռը խոսեց Թռչկանում ացկացրած 13 գիշերների մասին: «Առաջին գիշերը կյանքում չեմ մոռանա, էդ ոգևորվածությունը, էդ բախումից մնացած ադրենալինը որ կար, ու դա մեր առաջին փոքրիկ հաղթանակն էր: Երբ հանդիպում ենք ընկերներով, էն մարդկանցով ում հետ քնել ենք վրանում, սառը ջուր ենք խմել, կամ տաք թեյ ենք խմել դողդողացող սառած մատներով, միշտ հիշում ենք հենց էդ պահերը»: Նախաձեռնության անդամները ժպիտով նշում են, որ իրենք հանդիպում են միայն այն վայրերում, որտեղ բնապահպանական լուրջ խնդիրներ կան: «Ամեն անգամ երբ կարիք է լինում հավաքվելու, միշտ թեժ կետում ենք հավաքվում. այգում, ինչ որ շինարարության մոտ և այլն»: Ի դեպ, այսօր նախաձեռնության անդամներն անդրադարձան նաև մեկ այլ խնդրի. Թռչկան ջրվեժից մոտ 1 կմ ներքև գտնվող Չիչխան գետի վրա գործող ՀԷԿ-ը ջրազրկվել է այն: Լևոն Գալստյանն ահազանգում է, եթե ուշադրություն չդարձվի Չիչխանին, ապա որոշ ժամանակ անց գետը կցամաքի: