Բագրատյանը հիշեցրեց «Սուտասան»-ին (видео)
Поддержи А1+!35 հազար դրամ նվազագույն աշխատավարձն իսկական ծաղր է: Այս նման հայտարարություն արեց «Ժառանգության» պատամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով «Նվազագույն աշխատավարձի մասին» կառավարության ներկայացրած նախագծին, որի 2-րդ ընթերցման քննարկումն էր այսօր: «Շուրջ 50 հազար մարդ ՀՀ-ում այդքան աշխատավարձ է ստանում: Պատկերացնում եք՝ ինչ դժոխային է դա իրենց համար: Գումարները կան, դուք գիտեք՝ որտեղ են դրանք գտնվում, պետք է կամք լինի, որ այդ գումաները տան ըստ հասցեատերերի: Այդ գումարներն օգտագործվում են մի քանի մարդկանց սպասարկելու համար: Ես առաջարկում եմ՝ վերացնել նախագահական ինստիտուտն ու աշխատակազմին տրվող գումարները ուղղել ավելի կարեւոր ոլորտներ»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի շատ ցածր լինելը երկրում հասցնում է բեւեռացման. «Դույլի էֆեկտ է լինում. երկրից գումաների արտահոսք է լինում: Եկեք շտկենք իրավիճակը, դա փող չի պահանջում: Կառավարության ներկայացրած պատճառաբանությունները հայտնի հեքիաթն են հիշեցնում՝ «Ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ իրեն»: Հիմա եկել են ասում են՝ դե փող տուր ինձ, ոսկի տուր ինձ: Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ երկիրն այսպիսով քշում ենք դեպի սոցիալական կատակլիզմների»: Հրանտ Բագրատյանը կոչ արեց դեմ քվերակել այս նախագծին. «Այս նախագծում որեւէ ինտելեկտ չի ներգրավված: Աշխատավարձը գոնե բարձրացրեք այնքան, որքան գներն են բարձրացել, փոխհատուցեք մարդկանց»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ կառավարության ներկայացրած նախագիծը տնտեսագիտական կանոններին է դեմ. «Թերնսվող, ցածր աշխատավարձ ստացող մարդը, դուք պատկերացնում եք, որքան վնաս է տալիս ոչ միայն իր անձին ու ընտանիքնին, այլեւ պետությանը՝ բեռ դառնալով բոլոր տեսանկյուններով: Այսօր մարդուն ոչ թե պետք է մղել մուրացականությանն ու արտագաղթին, այլ արժանապատիվ կյանք ապահովել»: Պարոն Մինասյանը խնդրեց իր ելույթը պոպուլիստական կամ կեղծ հայրենասիրական չհամարել. «Ես պատրաստ եմ իմ մանդատն անգամ վայր դնելու, միայն թե լուծեք այս հարցը: Եթե հիմա էլ չեք կարողանում ապահովել նվազագույն աշխատավարձը, ապա ո՞ւմ վրա մեր հույսը դնենք»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ նվազագույն այս աշխատավարձն այսօրվա տնտեսությանը վայել է. «ՀՀԿ-ն չի ասում՝ սա շատ է, սակայն մեխանիկական ավելացումը կբերի տնտեսության քայքայմանը»: